11 ապրիլի 2016 - 10:35 AMT
Պարզվել է սպանված 93 ադրբեջանցի զինծառայողի ինքնությունը

Բաքվին չի հաջողվում թաքցնել ապրիլի լույս 2-ի գիշերվանից Արցախում ՊԲ ստորաբաժանումների և Ադրբեջանի զինուժի միջև ծավալված մարտերում կորուստների թիվը:

Պաշտոնական տվյալներով, Ադրբեջանը կորցրել է մարտերում 31 զինծառայող: Սակայն Բեռլինում գործող Կասպիական ռազմական հետազոտությունների ինստիտուտը, որը ղեկավարում է Բաքվի բռնաճնշումներից փախած ադրբեջանցի փորձագետ Ջասուր Սումերինլի, պարզել է զոհված 93 զինծառայողի ինքնությունը:

Նրանցից 52-ը ժամկետային է, 21 հոգին՝ սպա, 10-ը՝ ենթասպա, 10-ը՝ պայմանագրային:

Բացի այդ, 33 զինծառայող վիրավորվել է (Բաքուն վիրավորների մասին տվյալներ առհասարակ չի հաղորդում):

Ապրիլի լույս 2-ի գիշերից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Կարդացեք նաև. Հայկական կողմին է փոխանցվել զոհված 18 զինծառայողի մարմին