11 ապրիլի 2016 - 14:02 AMT
Տոնոյան. Իսրայելը նաև ՀՀ-ին է առաջարկել այն զենքը, որը վաճառել է Ադրբեջանին

Զենքի առևտրի շուկան Հայաստանի համար բաց է, բայց կան քաղաքական որոշ սահմանափակումներ՝ արտահանման վերահսկողության հետ կապված. Եվրամիության երկրները, Միացյալ Նահանգները սահմանափակել են ցանկացած ռազմական բնույթի կարողությունների աճի հնարավորություն տվող ապրանքների մատակարարում թե՛ Ադրբեջան, թե՛ Հայաստան:

Այս մասին «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:

Նա անդրադարձել է նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, որ հայկական բանակը կռվում է 80-ականների զենքով, մինչդեռ ադրբեջանական բանակի զինատեսակները շատ ավելի ժամանակակից են:

«Այսպես ասած՝ գործում է ջենթլմենական պայմանավորվածություն՝ չմատակարարելու կոնֆլիկտային տարածաշրջան ռազմական նշանակության արտադրանք: Բնական է, որ անհրաժեշտությունից ելնելով՝ գնումները կատարվում են այն երկրներում, որոնք որ այդ սահմանափակումները չունեն: Ինչպես տեսաք, մեր 80-ականների զենքը, այսպես ասած, չեզոքացրեց վտանգը, այսինքն՝ ստիպեց հակառակորդին իր նախնական մտադրություններից ետ կանգնել», - նշել է փոխնախարարը՝ շարունակելով:

Միաժամանակ, նա տեղեկացրել է, որ Իսրայելը նույն ապրանքատեսակները, որոնք վաճառել է Ադրբեջանին, առաջարկել է նաև Հայաստանին, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Հարցին, թե ինչո՞ւ մենք ձեռք չենք բերել, Տոնոյանը պատասխանել է.

«Որովհետև դրա անհրաժեշտությունը չի եղել, մենք այլ լուծումներ ենք տվել դրան, և ինչպես տեսնում ենք՝ այդ զինատեսակները այնպես էլ հաջող չեն գործում: Իհարկե, քաղաքացիական ավտոբուսը կարելի է խոցել նաև հասարակ գրանատոմյոտով (նռնականետով), դրա համար մի քանի հարյուր հազար արժեցող անօդաչու հարվածային թռչող սարք օգտագործելը որոշ բաների մասին ասում է»:

«Մենք վերանայել ենք վերջին երկու տարվա պաշտպանության ռազմավարությունը, և այդ վերանայման արդյունքներով կազմվել է երկուշատ լուրջ ռազմավարական փաստաթուղթ․ դա Զինված ուժերի զարգացման պլանն է և Սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման պլանը, հինգ տարվա ծրագրեր են դրանք: Զարգացման պլանով նախատեսված է ձեռք բերել ժամանակակից, ամենաարդիական զինատեսակներ»:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ադրբեջանական ընդդիմադիր ԶԼՄ-ները, սակայն, հրապարակել են 93 զոհի, 33 վիրավորի ինքնության մասին տվյալներ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Հայկական կողմն ունի 64 զոհ, 122 զինծառայող վիրավորվել է: ՊԲ-ն նաև 14 տանկ է կորցրել: Ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերի միջև ժամը 12:00-ից կրակի դադարեցման մասին երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ բանակցություններ անցկացնելու պայմանով:

Դրոնների մեծ պատերազմը.Ղարաբաղյան հակամարտության ընթացքում օգտագործված անօդաչուները

Լռության երթ դեպի Եռաբլուր՝ զոհված զինվորների հիշատակին [ֆոտոռեպորտաժ]