11 ապրիլի 2016 - 14:04 AMT
ԼՂՀ-ն 13 դիակ է հանձնել Ադրբեջանին` թույլ տալով նաև հավաքել դիրքերի դիմաց ընկած տասնյակ դիերը

Ապրիլի 10-ին տեղի ունեցած դիակների փոխանակության ժամանակ հայկական կողմին փոխանցվել է 18 զինծառայողի դիակ, իսկ ադրբեջանական կողմին` 13 դիակ: Այդ մասին հայտարարել է ԼՂՀ ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը, հայտնում է Yerkir.am-ը:

«Մենք պաշտոնապես 13 դիակ ենք հանձնել, բայց նաև հնարավորություն ենք տվել, որ մեր դիրքերի դիմաց ընկած դիակները ևս հավաքեն, որոնք տասնյակների են հասնում»,- ասել է Հասրաթյանը: Նա տեղեկացրել է նաև, որ հայկական կողմն ունի 1 անհայտ կորած զինծառայող, և Կարմիր խաչի միջոցով որոնումները շարունակվում են:

Հասրաթյանը հավելել է, որ 18 զինծառայողների անունները կհրապարակվեն ՊՆ պաշտոնական կայքում:

Ապրիլի 10-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում` Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ, տեղի էր ունեցել զոհված զինվորների դիերի փոխանակում:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ադրբեջանական ընդդիմադիր ԶԼՄ-ները, սակայն, հրապարակել են 93 հոգու զոհվելու, 33 վիրավորի, ևս 6 անհետ կորածի փաստը հաստատող տեղեկություններ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Հայկական կողմն ունի 64 զոհ, 122 զինծառայող վիրավորվել է: