11 ապրիլի 2016 - 15:44 AMT
ԼՂՀ նախագահը՝ Սոցինտերնի փոխատենապետին. Միջազգային հարթակներում պետք է ցույց տալ Բաքվի ագրեսիվ քաղաքականությունը

ԼՂՀ նախագահ նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 11-ին ընդունել է Սոցինտերնի փոխատենապետ, ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամ Մարիո Նալբանդյանին:

Հանդիպմանը, որին մասնակցում էր ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, քննարկվել են վերջերս Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված լայնածավալ գործողությունների հետ կապված մի շարք հարցեր:

Երկրի ղեկավարը կարևորել է Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականութան մասին միջազգային տարբեր հարթակներում ճշմարտացի տեղեկատվության ներկայացումը` ընդգծելով, որ այն մեծապես կնպաստի հետագայում նման գործողությունների կանխարգելմանն ու դատապարտմանը:

Նախագահը բարձր է գնահատել այս պատասխանատու ժամանակահատվածում Սփյուռքի կողմից Արցախին ցուցաբերած բազմակողմանի աջակցությունը` արժևորելով այն քաղաքական և հոգեբանական տեսանկյուններից:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ադրբեջանական ընդդիմադիր ԶԼՄ-ները, սակայն, հրապարակել են 93 հոգու զոհվելու, 33 վիրավորի, ևս 6 անհետ կորածի փաստը հաստատող տեղեկություններ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Հայկական կողմն ունի 64 զոհ, 122 զինծառայող վիրավորվել է:

ԵԽԽՎ գարնանային օրակարգում առաջարկվում է ընդգրկել նաև Լեռնային Ղարաբաղի հարցը

ԱՄՆ կոնգրեսականը կոչ է արել կասեցնել Բաքվի ագրեսիան և ռազմատենչ հռետորաբանությունը