11 ապրիլի 2016 - 16:20 AMT
Շվեյցարիայի ԱԳ նախարար. Իրավիճակը Ղարաբաղում բարելավվեց Ռուսաստանի շնորհիվ

Շվեյցարիայի ԱԳ նախարար Դիդիե Բուրկհալթերը հայտարարել է, որ ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղում արձանագրված սրացումից հետո իրավիճակը բարելավվեց Մոսկվայի ջանքերի շնորհիվ:

«Այս սրացումը Լեռնային Ղարաբաղում կարևոր, լուրջ հարց է: Ռուսաստանի ջանքերի շնորհիվ հաջողվել է մի փոքր հանդարտեցնել իրավիճակը, սակայն, այնուամենայնիվ, այն շարունակում է բարդ մնալ, կա հակամարտության սրացման վտանգ: Անհարժեշտ ենք համարում բանակցությունների կառուցվածքային գործընթաց, երկխոսություն, որպեսզի ի վերջո հնարավոր լինի հանգուցալուծել այս հարցը: Քանի դեռ այդպիսի գործընթաց չի սկսվել, դրանով պետք է զբաղվել»,-ասել է նա Մոսկվայում իր ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ավարտին:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ադրբեջանական ընդդիմադիր ԶԼՄ-ները, սակայն, հրապարակել են 93 հոգու զոհվելու, 33 վիրավորի, ևս 6 անհետ կորածի փաստը հաստատող տեղեկություններ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Հայկական կողմն ունի 64 զոհ, 122 զինծառայող վիրավորվել է:

Ընթերցեք նաև. Լավրով. ՌԴ-ն կոչ է անում ԼՂ հակամարտության կողմերին պահպանել կրակի դադարեցման մասին պայմանը