11 ապրիլի 2016 - 18:11 AMT
ՌՀՄ. Բաքվին զենքի վաճառքը շարունակելու Ռուսաստանի դիրքորոշումն անհասկանալի է

Ռուսաստանի հայերի միությունը հանդես է եկել հայտարարությամբ` ծայրահեղ մտահոգություն հայտնելով Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքը շարունակելու մասին ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունների վերաբերյալ:

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ ինչպես հայտնի է, «քառօրյա պատերազմի արդյունքում» ադրբեջանական ուժերը մի շարք ռազմական հանցագործություններ են կատարել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության և ռազմագերիների հանդեպ:

«Ակնհայտ է, որ վերջին օրերին Ադրբեջանի կողմից Ղարաբաղի դեմ սանձազերծած ռազմական գործողություններն իրականացվել են ռուսական հարձակողական զենքի օգնությամբ: Միջազգային հանրության կողմից ադրբեջանական ագրեսիայի դատապարտումն ու ԵԱՀԿ ՄԽ միջամտությունը մի կողմից, և հատկապես Ռուսաստանի միջամտությունը մյուս կողմից, ստիպեցին ագրեսորին ապրիլի 5-ին գնալ կրակի դադարեցման: Այս օրերին ՌԴ իշխանություններն ակտիվացրեցին իրենց գործողությունները մարտական բախումները դադարեցնելու, լայնածավալ պատերազմը բացառելու և բանակցային գործընթացը վերականգնելու համար, ինչը դրական ընկալվեց Հայաստանում և նրա բազմամիլիոնանոց աշխարհասփյուռ համայնքներում»,-ասվում է հայտարարության մեջ:

Սակայն, այն հանգամանքը, որ Ռուսաստանը չի ցանկանում հրաժարվել զենքի առաքումներից ՌԴ բազմամյա դաշնակցի, ՀԱՊԿ և ԵՏՄ անդամի դեմ պատերազմող երկրին, բողոքի ալիք է բարձրացրել և Հայաստանում, և Ռուսաստանում և, ցավոք, հակառուսական տրամադրությունների առիթ է տվել Հայաստանում` մի երկրում, որը հետխորհրդային բոլոր տարիներին միակ պետությունն է եղել, որը չի դավաճանել ՌԴ հուսալի և քաղաքական դաշնակցի սկզբունքներին»,-ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է նաև, որ Ռուսաստանի դիրքորոշումն առավել ևս անհասկանալի է ՌԴ վարչապետի այն հայտարարության ֆոնին, որ Ադրբեջանը պատերազմում է Թուրքիայի աջակցությամբ: «Հիշեցնենք, որ խաղերը Թուրքիայի հետ և նրա իրական էությունն ընկալելու ցանկության համառ բացակայությունը բերեցին նրան, որ չնայած ՌԴ և Թուրքիայի բարձր ղեկավարության մակարդակով նուրբ պայմանավորվածություններին, Թուրքիան «դանակով հարված» հասցրեց Ռուսաստանին թիկունքից: Հայ ժողովրդի հանդեպ 100 տարի առաջ ցեղասպանություն իրագործած այդ երկիրը այսօր էլ, չնայած շատ երկրների և միջազգային կազմակերպությունների դատապարտմանը, հետևողականորեն շարունակում է իր քաղաքականությունը»,-ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ Ադրբեջանը որպես Թուրքիայի իրական դաշնակից նույն քաղաքականությունն է վարում` ազգային հերոսի կոչում շնորհելով իր համակուրսեցի հայ սպային Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացի ժամանակ կացնահարած սպային, կամ նրանց, ովքեր սոցցանցերում իրենց լուսանկարներն են տեղադրում հայ զինվորների կտրած գլուխը ձեռքին:

«Համարում ենք, որ Ադրբեջանին սիրաշահելու ցանկությունը կարող է հանգեցնել մի իրավիճակի, երբ նա իր իրական դաշնակցի` Թուրքիայի օրինակին հետևելով, կարող է թիկունքից հարված հասցնել Ռուսաստանին, միայն այն տարբերությամբ, որ այս անգամ «դանակը» Ռուսաստանի վաճառածը կլինի:

Հայաստանին Ռուսաստսանի հետ կապում են ոչ միայն ռազմավարական և դաշնակցային հարաբերություններ, այլ բազմադարյա եղբայրական զգացմունքներ, որոնք դիմացել են ժամանակի փորձությանը: Հենց Ռուսաստանի հանդեպ անկեղծ համակրանքի պատճառով է այսօր հայ հանրությունը, որին սատարում է նաև Ռուսաստանի հանրությունը, կոչ է անում Ռուսաստանին ոչ միայն հավատարիմ մնալ ՀԱՊԿ-ին` հոդ.1 համաձայն անդամ պետությունները չպետք է մասնակցեն դաշինքների և գործողությունների, որոնք ուղղված են անդամ մեկ այլ պետության դեմ, այլ նաև քաղաքականության մեջ ղեկավարվել բարոյականության և արդարության նորմերով:

Մենք վստահ ենք, որ արդարությունը լավագույն քաղաքականությունն է Ռուսաստանի համար` միայն արդար լինելով այլոց հանդեպ, առավել ևս սեփական դաշնակիցների, Ռուսաստանը կարող է ակնկալել, որ իրենց վերաբերվեն որպես մեծ տերության, որն այսօր աշխարհի շատ ժողովրդների համար դարձել է պաշտպանության և արևմտյան ունիլատերալիզմի հակազդեցության խորհրադանիշ»,-ասվում է հայտարարության մեջ:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ադրբեջանական ընդդիմադիր ԶԼՄ-ները, սակայն, հրապարակել են 93 հոգու զոհվելու, 33 վիրավորի, ևս 6 անհետ կորածի փաստը հաստատող տեղեկություններ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Հայկական կողմն ունի 64 զոհ, 122 զինծառայող վիրավորվել է: