12 ապրիլի 2016 - 13:21 AMT
Դավիթ Բաբայան. Տրամաբանական չէ առանց Արցախի բանակցություններ վարելը

Չի կարող վերադարձ լինել այն սահմաններին ու այն կարգավիճակին, որն ունեցել է Արցախը Խորհրդային տարիներին՝ մինչև 1991 թվականը: Այս դրույթը ևս մեկ անգամ վերահաստատել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, հայտնում է Panorama.am-ը:

Նա նշել է, որ Ադրբեջանի լայնածավալ պատերազմը 1991-94 թվականներին նաև մեծ մասամբ հետևանք էր, որ Արցախը թույլ էր երևում հատկապես սահմանների առումով: «Գայթակղություն կար հարձակվել և ոչնչացնել այն: Այդպիսի բան չի կարող տեղի ունենալ ապագայում»,-հավելել է նա:

Անդրադառնալով պաշտոնական Արցախի պնդմանը, որ ԼՂՀ-ն պետք է դառնա բանակցությունների լիիրավ անդամ` Բաբայանը մանրամասնել է, որ Արցախը վերջնագիր չի ներկայացնում միջազգային հանրությանը: «Մենք ասում ենք, որ այս պատերազմը ևս ցույց տվեց, որ առանց Արցախի այս հարցը չի կարող կարգավորել: Եթե Ադրբեջանը հարձակվում է մեզ վրա՝ մեզ դիտարկելով որպես հակամարտության կողմ, ո՞նց կարող ենք մենք չմասնակցել բանակցություններին: Սա է հարցը: Տրամաբանական չէ առանց Արցախի բանակցություններ վարելը»,-ասել է նա:

Բաբայանը նշել է նաև, որ բոլորը պետք է դասեր քաղեն քառօրյա պատերազմից: «Այն ցույց տվեց, որ հակամարտության ուժային կարգավորումը հեռանկար չունի, և հղի է անկանխատեսելի հետևանքներով: Սա վառ կերպով արտահայտվեց քառօրյա պատերազմական գործողությունների ընթացքում: Միջազգային հանրությունը պետք է կոշտ դիրքորոշում հայտնի Ադրբեջանի վարած քաղաքականության վերաբերյալ»,-ասել է նա:

ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը նշել է, որ քառօրյա պատերազմի ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդն ապացուցեց կարևոր մի բան, որի մասին միշտ ասվում է: «Մենք կողմնակից ենք խաղաղ կարգավորման, բայց դա չի նշանակում, որ մենք թույլ ենք կամ պատրաստ չենք պաշտպանել մեր հայրենիքը, ազատությունն ու արժանապատվությունը: Այսպես լինելու է մինչև վերջ: Եթե հակառակորդը կարծում է, որ ուժային տարբերակով կարող է լուծել խնդիրը, ապա չարաչար սխալվում է: Եվ արցախցին, և հայ ժողովուրդն ընդհանրապես, թե Հայաստանն ու Սփյուռքը պատրաստ են մինչև վերջ կանգնել հայրենիքի պաշտպանության գործում: Սա բոլորի համար պարզ է, ևս մեկ անգամ ապացուցվեց»,-հավելել է նա:

Անդրադառնալով հակառակորդի կողմից կրակի դադարեցման վերաբերյալ ձեռք բերած պայմանավորվածության խախտումներին` Դավիթ Բաբայանն ասել է, որ դա է հակառակորդի էությունը: «Բայց հիմա այնպիսի իրավիճակ է ստեղծվել, երբ բացարձակ գնահատականները չեն աշխատում: Ամեն ինչ պետք է համեմատության մեջ տեսնել: Քառօրյա պատերազմի ժամանակ, վերջին երկու տարիների ընթացքում կատարած խախտումների համեմատ իհարկե այս պահի դրությամբ ավելի կայուն է»,-նշել է նա:

Խոսելով ադրբեջանական վայրագությունների վերաբերյալ փաստերը միջազգային ատյաններ ուղարկելու և դրանց գնահատականներ տալու մասին` Բաբայանն ասել է. «Մենք աշխատում ենք մի քանի ուղղությամբ: Կան շատ վառ ապացույցներ միջազգային մարդասիրական, մարդու իրավունքների կոպիտ խախտումների վերաբերյալ: Այն ինչ ադրբեջանցիները կատարել են խաղաղ բնակչության նկատմամբ, դիակների հետ, մարդկային չէ, անհնարին է բառերով բացատրել: Համապատասխան կառույցներն աշխատում են, որպեսզի այդ բոլոր փաստերը ներկայացնենք միջազգային ատյաններ: Հետամուտ ենք լինելու, որովհետև նման ոճրագործությունները պետք է առնվազն դատապարտվեն միջազգային հանրության կողմից»:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ադրբեջանական ընդդիմադիր ԶԼՄ-ները, սակայն, հրապարակել են 95 հոգու զոհվելու, 39 վիրավորի, ևս 6 անհետ կորածի փաստը հաստատող տեղեկություններ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Հայկական կողմն ունի 64 զոհ, 122 զինծառայող վիրավորվել է:

Ընթերցեք նաև. ԼՂՀ ԱԳՆ. Հետամուտ կլինենք, որ Բաքվի ռազմական հանցագործությունների մեղավորները պատասխանատվություն կրեն