12 ապրիլի 2016 - 17:22 AMT
Բրայզա. Ղարաբաղի հարցում Վաշինգտոնը մնում է դիտորդի դերում

Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան ղարաբաղյան հակամարտության սրացման թեմայով Washington Post-ում հոդված է հրապարակել, որտեղ անդրադարձել է հրադադարի վերահաստատման գործում Մոսկվայի ակտիվ դերակատարությանը և Վաշինգտոնի խիստ պասիվությանը, հայտնում է Panorama.am-ը:

«Արևմտյան առաջնորդները կոչ արեցին դադարեցնել բռնությունները և ակտիվացնել հակամարտության քաղաքական կարգավորման գործընթացը, և ոչ ավելին: Մինչդեռ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սկսեց վճռականորեն գործել` նպաստելով Ռուսաստանի միջազգային հեղինակության ամրապնդմանը և Հայաստանին ու Ադրբեջանին Արևմուտքի ազդեցության գոտուց դուրս բերելուն», - գրել է Բրայզան:

Նախկին դեսպանը նշում է, որ ինքն ապշած է ղարաբաղյան հակամարտության հարցով վերջին օրերին Վաշինգտոնի և Մոսկվայի միջև համագործակցության բացակայությունից:

Ըստ Բրայզայի` Հայաստանի և Ադրբեջանի նախագահները շահ չունեին տեղի ունեցած աննախադեպ սրացումներում: Ըստ հեղինակի` հայերը և ադրբեջանցիները կասկածներ ունեն, որ այս բախումը հրահրվել է դրսի ուժերի կողմից: «Ամեն դեպքում Պուտինը ստեղծված իրավիճակը շահագործում է ինտենսիվ դիվանագիտության շնորհիվ, մինչդեռ Օբաման ոչ մի համարժեք հետաքրքրվածություն չի դրսևորում: Սպիտակ տունը նույնիսկ պաշտոնական հայտարարություն ի վիճակի չեղավ տարածել: Միևնույն ժամանակ պետքարտուղար Ջոն Քերիի հայտարարությունն անարձագանք մնաց, քանի որ այն չէր համապատասխանում աննախադեպ իրադարձությունների էությանը: Դրան հակառակ Պուտինը խորհրդակցություն անցկացրեց Ալիևի և Սարգսյանի հետ, իսկ Ռուսաստանի արտաքին և պաշտպանության նախարարներն ակտիվորեն շփվում էին Երևանի և Բաքվի իրենց գործընկերների հետ», - գրում է հեղինակը:

Ըստ Մեթյու Բրայզայի` նման գործելաոճով Ռուսաստանը նախ վերականգնում է իր միջազգային հեղինակությունը, և երկրորդը` Հայաստանի և Ադրբեջանի մոտ տպավորություն է ստեղծվում, որ Ռուսաստանը միայնակ դադարեցնում է Հարավային Կովկասում տեղի ունեցող փոխհրաձգությունները:

«Այս եղանակով Ադրբեջանին և Հայաստանին Արևմուտքից հեռացնելով Պուտինը նոր հիմքեր է ստեղծում ապագա ճգնաժամերի համար, մինչդեռ Վաշինգտոնը մնում է դիտորդի դերում», - եզրափակել է Բրայզան:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ադրբեջանական ընդդիմադիր ԶԼՄ-ները, սակայն, հրապարակել են 95 հոգու զոհվելու, 39 վիրավորի, ևս 6 անհետ կորածի փաստը հաստատող տեղեկություններ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Հայկական կողմն ունի 64 զոհ, 122 զինծառայող վիրավորվել է: