13 ապրիլի 2016 - 10:35 AMT
Ամերիկահայ գեներալը միանում է Կոմանդոսի` համախմբվելու կոչին

Ապրիլի 10-ին ղարաբաղյան պատերազմի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս) կոչ է արել աշխարհի տարբեր երկրներում ապրող հայազգի ռազմական գործիչներին համախմբվել:

Արձագանքներ արդեն եղել են: Ապրիլի 12-ին ամերիկահայ գեներալ Սեդո Մալաթյանը հայտարարել է, որ միանում է Կոմանդոսի կոչին, հայտնում է Armlur.am-ը:

«Նախ բազմազան առիթներով եղել եմ Հայաստանում՝բանակի հետ գործակցելով ու ծառայելով, իսկ հիմա ընդառաջում եմ Արկադի Տեր-Թադևոսյանի կոչին: Պատրաստ եմ իմ մասնագիտությամբ միանալու Հայաստանի և Սփյուռքի զինվորականների միացյալ աշխատանքին՝ ի պաշտպանություն Հայրենիքի և Արցախի և Հայ ժողովրդին», - գրել է Մալաթյանը:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ադրբեջանական ընդդիմադիր ԶԼՄ-ները, սակայն, հրապարակել են 93 հոգու զոհվելու, 33 վիրավորի, ևս 6 անհետ կորածի փաստը հաստատող տեղեկություններ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Հայկական կողմն ունի 75 զոհ, 122 զինծառայող վիրավորվել է:

Կոմանդոսը կոչ է արել ՀՀ-ում համախմբել սփյուռքի ռազմական գործիչներին. Լիբանանի բանակի գեներալը պատրաստ է աջակցել