13 ապրիլի 2016 - 16:24 AMT
Պատգամավոր. Եվրախորհրդարանի բոլոր քաղխմբերի կարծիքները խստորեն դատապարտում էին Բաքվի ագրեսիան

Եվրոպական միության խորհրդարանական բարձրագույն հարթակը ֆիքսեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում չկա ռազմական լուծում, կա միայն քաղաքական լուծում, որի ճանապարհը Մինսկի խմբի գործընթացն է: Նման կարծիք է հայտնել ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը՝ անդրադառնալով ապրիլի 12-ին Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած քառօրյա ռազմական գործողությունների վերաբերյալ հնչած հայտարարություններին, հայտնում է Tert.am-ը:

«Եվրոպական խորհրդարանում ապրիլի 12 լսումներն անհրաժեշտ էին և պայմանավորված էին սահմանին վերջին օրերին կատարված միջադեպերի հրատապությամբ: Բնականաբար սա չէր կարող անտարբերության մատնել Եվրոպական միության խորհրդարանականներին, հետևաբար շատ կարևոր էր մեզ համար իմանալ պատգամավորների տեսակետները: Պետք է ընդգծել, որ բոլոր քաղաքական խմբերի կարծիքները խիստ դատապարտողական էին Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների նկատմամբ: Շատերի մոտ այն միտումն է, որ Ադրբեջանը ապակայունացնող գործոն է դարձել տարածաշրջանում և անհրաժեշտ է, որ Եվրոպական միությունը Ադրբեջանի նկատմամբ որդեգրի կոշտ ու ավելի ազդեցիկ քաղաքականություն»,-ասել է նա:

Արտակ Զաքարյանն ընդգծել է, որ ԵԽ-ում հնչած տեսակետները ճիշտ բնութագիր տվեցին ստեղծված իրավիճակին, ինչը շատ կարևոր է: «Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն պատգամավորներին, որոնք արդարության և իրականության դիրքերից խոսեցին` դատապարտելով Ադրբեջանի գործողությունները»,-ասաց նա:

Պատգամավորը միաժամանակ նաև նշել է, որ այս հայտարարությունները անհրաժեշտ ուղեկցող քաղաքական գործընթացներ են, բայց պատերազմը շատ ավելի խորը և հստակ գործողություններ է պահանջում:

«Մենք պետք է ամեն կերպ ամրացնենք մեր արևելյան սահմանները և շեշտակի ավելացնենք մեր պաշտպանունակությունը: Սա թիվ մեկ խնդիրն է ամբողջ հայության համար։ Այս հարցին ոչ մի խորհրդարան ու քաղաքական այլ մարմիններ աջակցություն ցուցաբերել չեն կարող, բայց քաղաքական առումով կարևոր է, որ տեղի ունեցածը չընկալվեց՝ այդպես էլ պետք է լիներ, ինչպես Ադրբեջանն է ցանկանում ներկայացնել: Սա ընկալվեց որպես ագրեսիա, որը միջազգային իրավունքի տեսակետից դատապարտելի է»,-ասաց նա:

Եվրախորհրդարանի ապրիլի 12-ի նիստում պատգամավորների գերակշիռ մասը հանդես է եկել հայամետ դիրքորոշումներով՝ առաջարկելով խստացնել Ադրբեջանի հանդեպ ճնշումները: Եվրախորհրդարանի անդամ Ֆրենկ Էնգելն ասել է, որ ԼՂ ստատուս քվոն կավելացնի բռնության ծավալը: «Հատկապես մեկ պատճառով, որովհետև Ադրբեջանն այսօր մնում է ագրեսոր, ինչպես ագրեսոր էր 24 տարի առաջ: Միակ բանը, որ այս դեպքում պետք է տեղի ունենա, ԼՂՀ ճանաչումը կլինի»,-ասել է նա:

Եվրախորհրդարանի պատգամավոր Յարոմիր Շտետինան ԵԽԽՎ նիստին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին կոչ են անում հրադադարը խախտելու քննության մեխանիզմ ներդնել. նա շեշտել է, որ Հայաստանը համաձայն է քննարկել այս հարցը, և ԵԱՀԿ-ն կոչ է անում նաև նույնն անել Ադրբեջանին:

Եվրախորհրդարանի պատգամավոր Էլենի Թիոչերսը հայտարարել է, որ պետք է Բաքվի դեմ պատժամիջոցներ կիրառել. «Մենք պետք է Բաքվի դեմ սանկցիաներ կիրառենք՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ հարձակվելու համար»: