Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ապրիլի 13-ին պարտավորեցրել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը փոխհատուցել բնակիչների՝ էլեկտրոնային հաշվիչներում տեղ գտած ժամային շեղումների պատճառով կրած վնասները:
Ընկերությունը տուգանվել է 5 մլն դրամով և պետք է շտկի խնդիրը մինչև օգոստոսի 1-ը:
ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը նշել է, որ եթե բաժանորդը դիմի և վերահաշվարկ պահանջի, ՀԷՑ-ը պարտավոր է դա անել: «Յուրաքանչյուր առանձին դեպքի համար էլ պարտավոր ենք տարբերակված մոտեցում ցուցաբերել»,- ասել է ՀԾԿՀ նախագահը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Նազարյանը հավելել է՝ քաղաքացիները կարող են դիմել հանձնաժողով, եթե նրանց կողմից ընկերությանն ուղղված գանգատները համարժեք արձագանք չստանան: Եթե քաղաքացուն հանձնաժողովի միջամտությունն էլ չբավարարի, նա կարող է դիմել դատարան:
2016-ի փետրվարին ՀԷՑ-ը հայտարարել էր, որ հավելագրումների կամ տարաբնույթ նման երևույթների կամ այլ փաստերի հայտնաբերման դեպքում ընկերության համապատասխան աշխատակիցը կենթարկվի պատասխանատվության (ընդհուպ մինչև կհեռացվի աշխատանքից և կփոխհատուցի պատճառված վնասը), արձանագրված խախտումը կշտկվի և կկատարվի վերահաշվարկ: