13 ապրիլի 2016 - 18:58 AMT
ԵԽԽՎ-ում կներկայացվեն խոշտանգված հայ զինվորների լուսանկարները

ԽԽՎ-ի հերթական նիստը տեղի է ունենալու ապրիլի 21-ին, որտեղ քննարկվելու է «Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի վերջին և ողբերգական էսկալացիան» անունով փաստաթուղթը:

Նախաձեռնության հեղինակը ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուաինն է: ԵԽԽՎ կանոնակարգով քննարկումները երկու ֆորմատով են լինելու` հրատապ և ակտուալ հարց: Որևէ բանաձև չի ընդունվելու, այլ ընդամենը լինելու են դեբատներ, գրում է «Ժողովուրդ»-ը:

ԵԽԽՎ-ի մեր պատվիրակության անդամները պատրաստվում են ներկայացնել խոշտանգված բոլոր զինվորների նկարները և այն կոնվենցիաները, որոնք խախտել է Ադրբեջանը:

Ապրիլի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ, Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում իրականացրել է զոհվածների մարմինների փոխանակում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև։ Փոխանակման ընթացքում ղարաբաղյան կողմին է հանձնվել ապրիլի 2-5 Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ռազմական ագրեսիայի արդյունքում առաջնագծում զոհված ԼՂՀ Պաշտպանության բանակի 18 զինծառայողի մարմին:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցների ներկայությամբ ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի կողմից արձանագրվել է, որ ադրբեջանական կողմից հանձնված զոհվածների բոլոր մարմինները ենթարկվել են խոշտանգման ու անարգանքի: