13 ապրիլի 2016 - 21:08 AMT
Ադրբեջանի սանձազերծած արգեսիան՝ ՀՀ և ԼՂ ԱԳ նախարարների հանդիպման առանցքում

Ապրիլի 13-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Արցախի արտգործնախարար Կարեն Միրզոյանին: Զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիվ գործողությունները կասեցնելուն ուղղված ջանքերը, մտքեր փոխանակել առկա իրավիճակի շուրջ, անդրադարձել միջազգային ասպարեզում ձեռնարկվելիք քայլերին:

Հանդիպմանը քննարկվել է Ադրբեջանի հետագա սադրանքները կանխելու նպատակով համապատասխան միջոցների ձեռնարկումը, այդ առումով կարևորվել է միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկության իրագործումը։

Անդրադարձ է եղել նաև Հայաստանի և Արցախի արտգործնախարարությունների գործակցությանն առնչվող հարցերին, տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ադրբեջանական ընդդիմադիր ԶԼՄ-ները, սակայն, հրապարակել են 93 հոգու զոհվելու, 33 վիրավորի, ևս 6 անհետ կորածի փաստը հաստատող տեղեկություններ:

Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը: Հայկական կողմն ունի 75 զոհ, 122 զինծառայող վիրավորվել է: