13 ապրիլի 2016 - 22:16 AMT
Հակառակորդը Մարտակերտի ու Թալիշի ուղղությամբ ականանետ է կիրառել

Ապրիլի 13-ի օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի առանձին հատվածներում հակառակորդը շարունակել է խախտել կողմերի միջև ձեռքբերված կրակի դադարեցման վերաբերյալ բանավոր պայմանավորվածությունը: Մասնավորապես, ժամը 17:15-18:00-ի սահմաներում առաջնագծի հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է 82 միլիմետրանոց ականանետ (4 արկ), իսկ 17:50-ի սահմանում՝ 60 միլիմետրանոց ականանետ (8 արկ)՝ Թալիշի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հավատարիմ են մնացել կողմերի միջև ձեռքբերված բանավոր պայմանավորվածություններին և պատասխան քայլեր են ձեռնարկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ադրբեջանական ընդդիմադիր ԶԼՄ-ները, սակայն, հրապարակել են 93 հոգու զոհվելու, 33 վիրավորի, ևս 6 անհետ կորածի փաստը հաստատող տեղեկություններ:

Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը: Հայկական կողմն ունի 75 զոհ, 122 զինծառայող վիրավորվել է: