14 ապրիլի 2016 - 11:18 AMT
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն աշխատանքային այցով կժամանի Հայաստան

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան աշխատանքային այցով ապրիլի 14-15-ին կժամանի Երևան, հայտնում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը:

Այցի շրջանակում Բորդյուժան կհանդիպի ՀՀ նախագահ, Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԳՆ ղեկավար, ՀԱՊԿ ԱԳՆԽ նախագահ Էդվարդ Նալբանդյանի և ՊՆ ղեկավար, ՀԱՊԿ ՊՆԽ նախագահ Սեյրան Օհանյանի հետ:

Բորդյուժան կտեղեկացնի կազմակերպության կանոնադրական մարմինների` ԱԳՆԽ, Պաշտպանության նախարարների խորհրդի և Անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի նիստերի նախապատրաստման ընթացքի մասին, որոնք կայանալու են հունիս-հուլիս ամիսներին Երևանում: Նա նաև կզեկուցի ընթացիկ գործունեության և Հավաքական անվտանգության խորհրդի սեպտեմբերյան և դեկտեմբերյան (2015թ.) նիստերի որոշումների կատարման մասին:

Կքննարկվի նաև իրավիճակը Կովկասի տարածաշրջանում, որը կտրուկ սրվել է ապրիլի սկզբին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ադրբեջանական ընդդիմադիր ԶԼՄ-ները, սակայն, հրապարակել են 93 հոգու զոհվելու, 33 վիրավորի, ևս 6 անհետ կորածի փաստը հաստատող տեղեկություններ:

Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը: Հայկական կողմն ունի 77մարտական կորուստ, 122 զինծառայող վիրավորվել է, 1-ն անհետ կորած է: