Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջարկել է ակտիվացնել թուրք-բելառուսական համագործակցության օրակարգը: Իր հայտարարությունը Լուկաշենկոն արել է Ստամբուլում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Ժամանակն է ակտիվացնել համագործակցությունը, շտկել ճանապարհային քարտեզը»,-ասել է Լուկաշենկոն: Նա նշել է, որ Բելառուսը բաց է Թուրքիայի հետ համագործակցության համար:
Ըստ Բելառուսի նախագահի մամուլի ծառայության, Լուկաշենկոն և Էրդողանը պայմանավորվել են, որ հանդիպման ժամանակ քննարկված թեմաները հետագա գործնական զարգացումը կստանան մայիսին բելառուսա-թուրքական միջկառավարական հանձնաժողովի նիստում: Խոսքը Բելառուսում թուրքական ներդրումների ավելացման, զբոսաշրջության ոլորտում առավել ակտիվ գործակցության մասին է, այդ թվում երկրների միջև ավիահաղորդակցության ինտենսիվության ավելացման միջոցով:
Լուկաշենկոն շնորհակալություն է հայտնել Ստամբուլում կայանալիք Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին ներկա գտնվելու հրավերի համար:
2015-ի նոյեմբերին Լուկաշենկոն հայտարարեց, որ Մինսկը պատրաստ է առաջ տանել Ադրբեջանի շահերը ԵՏՄ-ում: Իսկ 2016-ի մարտի 30-ին, անդրադառնալով Մինսկի անդամությանը ՀԱՊԿ-ին, նա ասաց, որ Բելառուսը հավատարիմ է դաշնակցային պարտավորություններին ռազմական ոլորտում, սակայն այլ երկրի տարածքում չի պատերազմի: