14 ապրիլի 2016 - 12:02 AMT
ՌԴ 200 ամենահարուստ գործարարների վարկանիշը՝ ըստ Forbes-ի. Ցանկում 7 հայ կա

Հեղինակավոր Forbes հանդեսի ռուսական ծառայությունը հրապարակել է Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարների վարկանիշային աղյուսակը, որը գլխավորում է Լեոնիդ Միխելսոնը։

Իսկ 2015-ի ամենահարուստ գործարար Վլադիմիր Պոտանինն այս տարի 4-րդ հորիզոնականում է։

Երկրորդ հորիզոնականում է «Ալֆա Գրուպ» կոնսորցիումի համասեփականատեր և դիտորդական խորհրդի նախագահ Միխայիլ Ֆրիդմանը, ում հարստությունը 13.3 մլրդ դոլար է։

Ի դեպ, վարկանիշային աղյուսակում է գտնվում 7 հայ գործարար։ Նրանց թվում է գործարար, «Մագնիտ» մանրածախ խանութների ցանցի հիմնադիր և համասեփականատեր 48-ամյա Սերգեյ Գալիցկինը(մինչ ամուսնությունը՝ Հարությունյան), նա ցուցակի 17-րդ հորիզոնականում է։ 2015-ի համեմատ Գալիցկինը զիջել է դիրքերը 2 հորիզոնականով։ Նրա կարողությունը 5.7 մլրդ դոլար է, 2015-ի ընթացքում կորցրել է 2.6 մլրդ դոլար, գրում է Tert.am-ը։

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը փոքր-ինչ զիջել է դիրքերը՝ 2015-ի 26-րդ հորիզոնականի փոխարեն հայտնվելով 28-րդ տեղում։ 50-ամյա գործարարի կարողությունը 3.1 մլրդ դոլար է, 2015 թվականի ընթացքում կորցրել է 0.9 մլրդ դոլար։

Այնուհետ հաջորդում է «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության 44-ամյա գործադիր տնօրեն Դանիլ Խաչատուրովը, ով նախորդ տարվա նման զբաղեցրել է 54-րդ հորիզոնականը. նրա կարողությունը գնահատվում է 1.4 մլրդ դոլար, կորուստը կազմել է 0.2 մլրդ դոլար։

«Սկոլկովո» բիզնես-դպրոցի հիմնադիր, 47-ամյա գործարար Ռուբեն Վարդանյանը 92-րդ հորիզոնականից տեղափոխվել է 81-րդ հորիզոնական։ Նրա հարստությունն անցած 1 տարվա ընթացքում չի փոփոխվել. կորուստներ չի ունեցել, աճ՝ նույնպես։ Նրա կարողությունը գնահատվում է 0.95 մլրդ։

Վարդանյանին հաջորդում է 45-ամյա Ալբերտ Ավդոլյանը, ով Wooden Fish Agency ընկերության դիտորդական խորհրդի նախագահի պաշտոնն է զբաղեցնում, գտնվում է 105-րդ հորիզոնականում՝ 0.75 մլրդ կարողությամբ։ Նրա կարողությունը 2015-ի համեմատ չի փոխվել։

«Ռեսո Գարանտիա» ապահովագրական ընկերությունը ներկայացնող հայազգի Նիկոլայ և Սերգեյ Սարկիսով եղբայրներն անկում են գրանցել։ «Ռեսո Գրուպ»-ի 47-ամյա փոխնախագահ Նիկոլայ Սարկիսովն անցած տարի ունեցել է 0.2 մլրդ դոլարի կորուստ, ինչի հետևանքով 0.7 մլրդ դոլար ցուցանիշով զբաղեցրել է 124-րդ հորիզոնականը։ Իսկ 125-րդ տեղում գտնվում է նրա եղբայրը՝ «Ռեսո Գարանտիա»-ի տնօրենների խորհրդի 56-ամյա նախագահ Սերգեյ Սարկիսովը, ում կարողությունը ևս 0.7 մլրդ դոլար է։