14 ապրիլի 2016 - 12:09 AMT
Բողոքի ցույց Ուրուգվայում` ընդդեմ Ադրբեջանի ագրեսիայի

Ապրիլի 13-ին Ուրուգվայի Ազատության հրապարակում բողոքի ցույց է տեղի ունեցել ընդդեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի: Ցույցը տեղի է ունեցել ՀՅԴ և ՍԴՀԿ ավանդական կուսակցությունների նախաձեռնությամբ: Բազմաթիվ ուրուգվահայերի հետ մեկտեղ ցույցին մասնակցել է նաև Ուրուգվայի զբոսաշրջության հայազգի նախարար Լիլիան Քեշիշյանը: Ցույցին մասնակցել են նաև ՀԲԸՄ-ի և ՀՄԸՄ-ի համահայկական կառոյցների անդամները, հյատնում է «Եռագույնն» իր աղբյուրի վրա հղումով:

Այս օրերին հայկական սփյուռքի ջանքերով բազմաթիվ բողոքի ցույցեր և երթեր են տեղի ունենում աշխարհի տարբեր երկրներում:

Ապրիլի 8-ին Լոս Անջելեսի հայությունը հավաքվել էր Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսարանի դիմաց բողոքի ցույցով՝ ընդդեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի՝ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ: Իսկ ապրիլի 13-ին Լոս Անջելեսի քաղաքապետարանի շենքը լուսավորվել է հայկական դրոշի գույներով՝ ի հիշատակ ԼՂ-ում զոհվածների։

Ապրիլի 8-ի երեկոյան Ամստերդամի Դամ հրապարակում հարյուրավոր նիդերլանդահայեր բողոքի ցույց անցկացրեցին՝ դատապարտելու Ադրբեջանի ռազմական ագրեսիան ընդդեմ Արցախի: Ապրիլի 5-ին Փարիզում Ադրբեջանի դեսպանատան առջև տեղի է ունեցել «Նոր սերունդ» երիտասարդական կազմակերպության հանրահավաքը: Մասնակիցների ձեռքերին կային «Ղարաբաղը մերն է», «Ալիևը խաղաղության թշնամին է» լոզունգներով պաստառներ: Փարիզում Ադրբեջանի դեսպանատան դիմաց հանրահավաք է անցկացնել նաև ապրիլի 9-ին: