14 ապրիլի 2016 - 17:09 AMT
Հալեպի քրիստոնեական թաղամասն ահաբեկիչների կրակի տակ է

Հալեպում զինյալ ահաբեկչական խմբավորումները խախտել են զինադադարը՝ տասնյակ հրթիռներ արձակելով քաղաքի տարբեր շրջանների վրա, հայտնում է Tert.am-ը Բերիո լուրերի ֆեյսբուքյան էջի վրա հղումով։

Ականանետերից կրակ է բացվել Միդան թաղամասի վրա, որտեղ հիմնականում հայեր են ապրում և քրիստոնյա արաբներ, գրում է Russia Today-ը:

Ապրիլի 14-ի առավոտյան հրթիռակոծվել են Հալեպի Թելեֆոն Հաուայի, Վիլլաներ, Նոր Գյուղ, Սուլեյմանիե, Ճապրիե, Մեյսելուն, Սուլեյման ալ-Հալաբի, Շեյխ Մաքսուդ և այլ թաղամասեր:

Արձակված հրթիռների պայթյունների հետևանքով արձանագրվել են զոհեր և վիրավորներ։ Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց։

Հալեպում ռումբերի ու հրթիռների պայթյուններն ու ավերածությունները շարունակվում են: Պայթյունները նյութական մեծ վնասներ են հասցրել բնակարաններին, գործատեղիներին, մոտակայքում կայանված մեքենաներին՝ քաղաքում տարածելով վախի ու սարսափի մթնոլորտ։

Ապրիլի 9-ին ականանետային գնդակոծության հետևանքով Շեյխ Մահսուդ թաղամասում զոհվել էր 18 խաղաղ բնակիչ, վիրավորվել` 61-ը: Ապրիլի 6-ին Հալեպը գրոհել էր «Ջեբհաթ ան Նուսրայի» մոտ 1500 գրոհային, 3 տանկի և գնդացիրներով 20 ավտոմեքենայի աջակցությամբ: Այդ շրջանում են գտնվում քրդական աշխարհազորի դիրքերը: Զոհվել էր 18 խաղաղ բնակիչ, զոհվածների թվում կային նաև երեխաներ, 11 քուրդ աշխարհազորային, վիրավորվել է 36 մարդ:

Ընթերցեք նաև. «Ջեբհաթ ան Նուսրայի» գրոհի հետևանքով Հալեպում խաղաղ բնակիչներ են զոհվել