16 ապրիլի 2016 - 14:56 AMT
«Պատմական Հայաստան» գիրքը` Benjamin Franklin Book Awards-ի գլխավոր մրցանակակիր

Ամերիկահայ գրող Մեթյու Քարանյանի «Պատմական Հայաստան. 100 տարի անց» գիրքը Benjamin Franklin Book Awards հեղինակավոր մրցանակաբաշխության ժամանակ բարձրագույն պարգևի է արժանացել` որպես Անկախ հրատարակված լավագույն պատմական գիրք, հայտնում է Tert.am-ը armenianweekly.com-ի վրա հղումով:

Ապրիլի 8-ին Սոլթ Լեյք Սիթիում կայացած մրցանակաբաշխության կազմակերպիչն է եղել ԱՄՆ-ի անկախ հրատարակիչների ընկերակցությունը, որն իր տեսակի մեջ խոշորագույնն է Միացյալ Նահանգներում: Աղբյուրը մանրամասնում է, որ սա առաջին դեպքն է, երբ Հայաստանի մասին գիրքը տվյալ մրցանակաբաշխության շրջանակում արժանանում է բարձրագույն պարգևի:

Ընդհանուր առմամբ, մրցույթին մասնակցել է 2015թ. հրատարակված 1.400 գիրք:

Քարանյանի գիրքը պատմում է Արևմտյան Հայաստանի պատմամշակութային վայրերի մասին ու զարդարված է 125 գունավոր լուսանկարներով, քարտեզներով:

Մրցանակաբաշխության գալա երեկոյի ժամանակ 250-ից ավելի հեղինակների ու հրատարակիչների ներկայությամբ հայազգի հեղինակին է հանձնվել ոսկե մեդալը: «Հայաստանը համարյա թե ավերվել էր 1915թ. Ցեղասպանությունից հետո, բայց մեր ազգը գոյատևեց, և այս գիրքը փառաբանում է այդ գոյատևումը»,-մեդալն ընդունելուց հետո ասել է հեղինակը։

Բենջամին Ֆրանկլինի անվան մրցանակը հրատարակիչների շրջանում ոչ պաշտոնապես հայտնի է որպես «Բեննի» և անցկացվում է ամեն տարի 1983-ից սկսած: Պարգևատրվում են ինքնուրույն հրատարակված լավագույն գրքերը տարբեր անվանացանկերում` ֆանտաստիկա, հուշեր, լուսանկար, ճամփորդություններ և պատմություն:

Benjamin Franklin Book Awards-ը երկրորդ մրցանակն է, որին 2016-ին արժանացել է «Պատմական Հայաստան. 100 տարի անց» գիրքը` այն նաև INDIEFAB մրցանակաբաշխության մրցանակակիրներից էր: