18 ապրիլի 2016 - 18:19 AMT
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Արցախ

Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 18-ին աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:

Ստեփանակերտի օդանավակայանում ՀՀ նախագահին դիմավորել են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, հայկական երկու հանրապետության պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները, պաշտոնատար այլ անձինք:

Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 2-ի երեկոյան ԱԱԽ նիստ է անցկացրել, որի ընթացքում հայտարարել է, որ պետք է աշխատել Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու ուղղությամբ: «Անհրաժեշտ է պայմանագրի տեքստն ունենալ, համապատասխան քննարկումներ անցկացնել և ուղարկել Ազգային ժողով: Հայաստանի Հանրապետությունը լիարժեքորեն կատարելու է իր պարտականությունը Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովման առումով, և մենք նաև ունենք դրա իրավաբանական իրավունքը, որովհետև ինքներս հանդիսանում ենք 1994-ին կնքված հրադադարի համաձայնագրի կողմ», - ասել էր նախագահը:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ և ռուսական կողմի միջնորդությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրակի ռեժիմի դադարեցման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Հայկական կողմն ունի 77 մարտական կորուստ, սպանվել է 4 խաղաղ բնակիչ. 122 զինծառայող վիրավորվել է, 1-ն անհետ կորած է: