19 ապրիլի 2016 - 10:18 AMT
Քոչարյանի առանձնատան ուղղությամբ նռնակ նետելու փաստով ձերբակալված կա

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան բակի մուտքի ուղղությամբ ուսումնական նռնակ նետելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ապրիլի 18-ին ձերբակալվել է Երևանի բնակիչ, 32-ամյա Հովհաննես Մուրադյանը, հայտնաբերվել ավտոմեքենան:

2016-ի ապրիլի 15-ին՝ ժամը 18:25-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձն ավտոմեքենայով մոտեցել է Քոչարյանի առանձնատան բակի գլխավոր մուտքին և ուսումնական նռնակ նետել պահակակետի ուղղությամբ։

Քրեական գործով Ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների համատեղ իրականացրած միջոցառումների արդյունքում ապրիլի 18-ին բերման է ենթարկվել, ապա` ձերբակալվել 1984-ին ծնված Հ.Մուրադյանը: Վերջինս հարցաքննվել է և ցուցմունք տվել դեպքի շուրջ:

Հայտնաբերվել է այն ավտոմեքենան, որը կասկածյալը վարելիս է եղել նշված արարքը կատարելիս:

Օրենքով սահմանված կարգով կատարվել են խուզարկություններ:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ:

Քննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ապրիլի 15-ին ՀՀ ոստիկանությունը ահազանգ է ստացել, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան վրա հարձակում է եղել, նռնակ են նետել: Միջադեպի հետևանքով որևէ մեկը չի տուժել: Ինչպես հայտնել է Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, այժմ երկրորդ նախագահը գտնվում է Մոսկվայում, որտեղ մասնակցում է ԱՖԿ «Սիստեմայի» տնօրենների խորհրդի նիստին: