19 ապրիլի 2016 - 10:14 AMT
ԼՂՀ ՊՆ. Հակառակորդը Հադրութի ուղղությամբ նռնականետ է կիրառել

Ապրիլի 18-ի լույս 19-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրության փոփոխություններ չեն արձանագրվել: Հակառակորդը առաջնային գծի ողջ երկայնքով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակի դադարեցման բանավոր պայմանավորվածությունը խախտել է ավելի քան 80 անգամ: Հարավարևելյան (Հադրութ) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ՀԱՆ-17 տիպի նռնականետ (3 արկ):

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հիմնականում հավատարիմ են մնացել կրակի դադարեցման բանավոր պայմանավորվածությանը և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել առաջնագծի ողջ երկայնքով մարտական դիրքերի պաշտպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Ապրիլի 17-ի լույս 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը մնացել է նույնը: Առաջնային գծի ողջ երկայնքով հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակի դադարեցման բանավոր պայմանավորվածությունը խախտել է ավելի քան 50 անգամ: Հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղությամբ կիրառել է նաև 82 մմ-ոց ականանետ (3 արկ):

Կրակի դադարեցման բանավոր պայմանավորվածության խախտման արդյունքում արձանագրվել է երկու միջադեպ: Հյուսիսային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից հրազենային վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ, 1991թ. ծնված Էրիկ Բորիսի Մաթևոսյանը և 1996թ. ծնված Ազատ Տիգրանի Բարսամյանը:

Բացի կրակային միջոցների կիրառումից ադրբեջանական կողմը 01:00-ի սահմաններում արևելյան (Ակնա) ուղղությամբ ձեռնարկել է մոտ 20 հոգուց բաղկացած դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցման փորձ, որը ղարաբաղյան ուժերի կողմից ժամանակին հայտնաբերվել և հետ է շպրտվել: