19 ապրիլի 2016 - 13:53 AMT
Արցախում հակառակորդի կրակոցից զինվոր է զոհվել

Ապրիլի 19-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող, 1996-ին ծնված Գևորգ Գարեգինի Գևորգյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար քննություն է տարվում, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ և ռուսական կողմի միջնորդությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրակի ռեժիմի դադարեցման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Հայկական կողմն տվել էր 77 մարտական և 11 ոչ մարտական կորուստ, սպանվել է 4 խաղաղ բնակիչ. 122 զինծառայող վիրավորվել է, 1-ն անհետ կորած է:

Ապրիլի 14-ի գիշերը Մարտունու ուղղությամբ հակառակորդի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող Մանվել Գրիգորյանը: