19 ապրիլի 2016 - 20:24 AMT
Պաշտպանության փոխնախարարը` ԵԱՀԿ ներկայացուցչին. ՊԲ-ն կտրուկ է արձագանքում Բաքվի կողմից պայմանավորվածությունների խախտմանը

Ապրիլի 19-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հանդիպել է ԵԱՀԿ գերմանական նախագահության Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ, դեսպան Գյունտեր Բեխլերի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԼՂՀ դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ հարձակողական գործողություններին և շփման գծում ներկայիս իրավիճակին առնչվող հարցեր:

Դավիթ Տոնոյանը դեսպան Բեխլերին ներկայացրել է ապրիլի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում ռազմական գործողությունների ընթացքը, շփման գոտում ներկայումս ստեղծված իրավիճակը, ինչպես նաև հայկական կողմի զինծառայողների և քաղաքացիական անձանց դեմ ադրբեջանական զինուժի գործած ռազմական հանցագործությունների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն, նշելով, որ հայկական կողմը ձեռնամուխ է լինելու վերոնշյալ հանցագործությունների միջազգային իրավական գնահատական տալու գործընթացին:

Հատուկ ընդգծվել է, որ հրադադարի վերականգման մասին բանավոր պայմանավորվածությունները Ադրբեջանի կողմից չեն պահպանվում և վերոնշյալ պայմանավորվածությունից հետո հակառակորդի կրակից և հրետակոծությունից ԼՂՀ կողմն ունի զոհեր և վիրավորներ, ինչին ԼՂՀ պաշտպանական բանակի ստորաբաժանումները ստիպված են կտրուկ արձագանքել: Այս առումով կարևորվել է ԵԱՀԿ-ի դերը շփման գծում լարվածության թուլացման, ինչպես նաև մոնիտորինգային և միջադեպերի հետաքննության մեխանիզմների շուտափույթ ներդրման միջոցով հրադադարը ամրապնդելու գործում:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ և ռուսական կողմի միջնորդությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրակի ռեժիմի դադարեցման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Հայկական կողմն ունի 77 մարտական կորուստ, սպանվել է 4 խաղաղ բնակիչ. 122 զինծառայող վիրավորվել է, 1-ն անհետ կորած է: