20 ապրիլի 2016 - 10:32 AMT
ԵԽԽՎ-ն ԼՂ հակամարտության մասին բանաձևով վերահաստատել է օժանդակությունը ԵԱՀԿ ՄԽ-ին

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն ապրիլի 19-ին 44 պատվիրակի ստորագրությամբ ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման թիվ 603 գրավոր բանաձևը:

«Վստահ լինելով, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, Խորհրդարանական վեհաժողովը վերահաստատում է ԵԱՀԿ Մինսկի խմբի` միջնորդության միջազգային համաձայնեցված միակ ձևաչափի համանախագահների ջանքերին ցուցաբերվող մշտական օժանդակությունն այս հակամարտության կայուն և արդար կարգավորման համար»,- նշվում է ԵԽԽՎ պաշտոնական կայքում հրապարակված բանաձևի տեքստում:

Փաստաթղթի հեղինակները կոչ են անում հարգել Մինսկի խմբի համանախագահների մշտական կոչերը, սատարել նրանց մանդատի և չբարդացնել շարունակվող բանակցությունները, գրում է Նովոստի Արմենիան:

«Մենք կիսում ենք հակամարտության գոտում լարվածության բարձրացման կապակցությամբ առկա մտահոգությունը: Ծանր հրետանու, մասնավորապես, ականանետերի և հրթիռային համակարգերի կիրառումն անընդունելի է և լուրջ վտանգ է ներկայացնում քաղաքացիական բնակչության համար: Խորն ափսոսանք ենք հայտնում մարդկանց, այդ թվում` քաղաքացիական անձանց մահվան կապակցությամբ»,- ընդգծվում է բանաձևում:

Նշվում է, որ 1994-ի հրադադարի համաձայանգրի շուրջ վստահության և համախմբան ամրապնդման քայլերին ուղղված հրադադարի ռեժիմի և Մինսկի խմբի համանախագահների այլ առաջարկությունների խախտումների քննության մեխանիզմների ստեղծումը կնպաստի լարվածության նվազեցմանը և խաղաղ կարգավորումների անցկացման ավելի բարենպաստ մթնոլորտի ստեղծմանը:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ և ռուսական կողմի միջնորդությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրակի ռեժիմի դադարեցման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Հայկական կողմն ունի 77 մարտական կորուստ, սպանվել է 4 խաղաղ բնակիչ. 122 զինծառայող վիրավորվել է, 1-ն անհետ կորած է:

ԵԽԽՎ պատվիրակը դատապարտել է Բաքվի ագրեսիան. «Ալիևից ու նրա ռեժիմից այլ բան սպասելի չէր»

Եվրահանձնաժողովի նախագահը` Ադրբեջանին. Դադարեք կրակել