20 ապրիլի 2016 - 12:56 AMT
Զեկույց. ՀՀ 1 և Ադրբեջանի 107 քաղաքացի միացել է ԻՊ-ին երկու տարվա ընթացքում

Ըստ Վեսթ Փոյնթի Ահաբեկչության դեմ պայքարի կենտրոնի, Հայաստանի 1 քաղաքացի է եղել 2013-2014 թթ. ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորմանն անդամագրված ենթադրյալ 15000 նոր անդամների թվում: Ըստ տվյալների, նոր անդամներից ոչ մեկը Հայաստանում չի բնակվել:

Բացի այդ, վերոնշյալ ժամանակահատվածում կազմակերպությանն են միացել` Ադրբեջանի 107 քաղաքացի, Թուրքիայի 212 քաղաքացի, Իրանի 10 քաղաքացի և Վրաստանի 2 քաղաքացի:

Տվյալների վերլուծությունն ու ԻՊ հազարավոր գրառումների վերծանումը ցույց են տվել, որ գրոհայիններին է միացել մոտ 70 ազգության ներկայացուցիչ, հայտնում է AFP-ն:

Նոր անդամների տարիքը տատանվում է 12-70-ի սահմանում, թեև միջին տարիքը 26 կամ 27 տարեկան է, գրում է AFP-ն: Նրանցից միայն 400-ն է եղել 18-ից փոքր: Առավելագույն թվով նորակոչիկներ են անդամագրվել Սաուդյան Արաբիայից` 479 մարդ, Թունիսից` 559, Մարոկկոյից` 240, Թուրքիայից` 212, Եգիպտոսից`151 և Ռուսաստանից` 141: 49 մարդ անդամագրվել է Ֆրանսիայից, 38` Գերմանիայից, 30` Լիբանանից, 26` Մեծ Բրիտանիայից, 11` Ավստրալիայից, 7` Կանադայից, ԱՄՆ-ից ոչ ոք չի եղել:

Նրանցից 30%-ը ամուսնացած է, 61%-ը` ամուրի, 8% մասին նման տվյալներ չկան: «Նորակոչիկները հիմնականում լավ կրթված են, հատկապես ՄԱԿ տվյալների համեմատ այն երկրների վերաբերյալ, որտեղից նրանք անդամագրվել են»,-ասվում է զեկույցում:

PanARMENIAN.Net-ը դիմել է ՀՀ ազգային անվտանգության ծառայություն՝ համապատասխան պարզաբանումներ ստանալու նպատակով: Պատասխանն ակնկալվում է:

ԻՊ ավելի քան 11 հազար անդամների անձնական տվյալներն ամերիկյան NBC ալիքին է փոխանցել խմբավորման փախուստի դիմած անդամներից մեկը: Հեռուստաալիքը մոտ 4600 փաստաթուղթը փոխանցել է ԱՄՆ ռազմական ակադեմիայից անկախ Ահաբեկչության դեմ պայքարի կենտրոնին: Կենտրոնը հայտնել է, որ համեմատելով փաստաթղթերը, որոնք ստացել է NBC-ից համապատասխան կադրային հաշվառման հետ, որն առկա է ԱՄՆ ՊՆ-ում, նա կարող է հաստատել տվյալների մոտ 98 տոկոսի հավաստիությունը:

Կարդացեք նաև. Սիրիական Լաթաքիայում վերսկսվել են կատաղի մարտերը