20 ապրիլի 2016 - 13:18 AMT
Դինքի սպանության գործով դատավարությունը վերսկսվել է. Մեղադրվում են նաև պաշտոնյաները

Թուրքիայում վերսկսվել է «Ակոս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը:

Ապրիլի 19-ին Ստամբուլում վերաբացված դատավարությունում 34 մեղադրյալի թվում ներգրավված են Թուրքիայի անվտանգության ուժերի և ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ:

Դինքի ընտանիքի փաստաբանները հույս ունեն, որ դատարանը կապացուցի պետական պաշտոնյաների առնչությունը դավադիր սպանությանը, հաղորդում է «Ազատություն ռադիոկայանը»:

Թուրքիայի խորհրդարանի հայազգի ընդդիմադիր պատգամավոր Գարո Փայլանը Reuters լրատվական գործակալությանը ասել է․ «Սա կարևոր օր է: Մենք 9 տարի աշխատում էինք՝ ոստիկանության և հետախուզության այս ղեկավարներին դատարանում տեսնելու համար: Կցանկանայինք դատարանում տեսնել պետական այլ պաշտոնյաների: Եթե դատարանը կատարի իր աշխատանքը, կարծում եմ՝ մենք կմոտենանք ճշմարտությանը»:

Հրանտ Դինքի ընտանիքն ու փաստաբանը միշտ բարձրացնում էին նրա սպանությանը պետական պաշտոնյաների առնչություն ունենալու հարցը:

Դինքի սպանության գործով վերաբացված դատավարությունում մեղադրյալների թվում են Թուրքիայի ազգային ոստիկանության հետախուզության վարչության նախկին ղեկավար Էնգին Դինչը, այդ պաշտոնում նրա նախորդը՝ Ռամազան Աքյուրեքը, Ստամբուլի ոստիկանության նախկին պետ Ջելալեթին Ջերահը և Ստամբուլի ոստիկանության հետախուզության վարչության նախկին պետ Ալի Ֆուաթ Յըլմազերը: Նրանք չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքները:

Լրագրողի սպանության գործում ներգրավված նախկին պաշտոնյաներից մի քանիսը նախկինում՝ 2013-ին այն իրավապահների թվում էին, որոնք հետաքննում էին Ռեջեփ Էրդողանի և նրա մերձավորների դեմ կոռուպցիոն գործերը, երբ Էրդողանը դեռ վարչապետ էր:

Ընդդիմադիր պատգամավոր Սեզգին Թանրիքյուլուն ասել է, թե Դինքի սպանության գործում նրանց ներգրավելը հաշիվ մաքրելու փորձ է:

Ստամբուլի ծանր հանցագործությունների 14-րդ դատարանը դեկտեմբերին ընդունվել է «Պաշտոնատար անձնանց անփութությունը Հրանտ Դինքի սպանության մեջ» գործով մեղադրական եզրակացությունը:

Դատարանի կողմից հարուցված գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել 26 պետական ծառայողի, այդ թվում անվտանգության գլխավոր վարչության հետախուզական բաժնի նախկին պետ Ռամազան Աքյուրեքին, Ստամբուլի հետախուզության վարչության նախկին պետ Ալի Ֆուաթ Յըլմազերին և անվտանգության գլխավոր վարչության նախկին հետախուզության նախկին պետ Էնգին Դինչին: Նրանք մեղադրվել են «զինված խումբ ստեղծելու և ղեկավարելու», «զինված ահաբեկչական խմբի անդամ լինելու», «պաշտոնական դիրքը չարաշահելու», «պաշտոնական փաստաթուղթ կեղծելու, ոչնչացնեոլու կամ թաքցնելու», «ծրագրած սպանության», «անփութությամբ սպանությանը նպաստելու դիտավորության» հոդվածների հատկանիշներով:

Դինքի սպանությունից առաջ հրահանգված էր ապահովել «Ակոս»-ի ներկայացուցիչների անվտանգությունը