16 փետրվարի 2007 - 15:18 AMT
Տարածաշրջանի ապագան ուղղակիորեն կախված է Հայաստանի ապաշրջափակումից
Վերջին 15 տարիների ընթացքում Հայաստանի աջակցության ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը ընդլայնվել է` որպես Հայաստանի ռազմավարական կարեւորության արտացոլում, ինչպես ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության, այնպես էլ Կոնգրեսի համար: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է Միջազգային քաղաքականության հետազոտման հայկական խմբի (Armenian International Police Research Group - AIPRG, Washington.DC) փորձագետ Ռիչարդ Գիրագոսյանը: Նրա խոսքերով, ԱՄՆ-ի կողմից Հայաստանին աջակցելու գլխավոր գործոն է դարձել Ամերիկայի հայ համայնքի քաղաքական ակտիվությունն ու փորձը` «հայկական լոբբին», ինչպես նաեւ հայկական կողմից ջանքերի ճանաչումը` միջազգայաին անվտանգության օրակարգում սեպտեմբերի 11-ից հետո:
«Սակայն վերջին մի քանի տարիների ընթացքում ԱՄՆ-ի եւ Հայաստանի հարաբերությունների կուրսը դարձել է վերագնահատման օբյեկտ` ԱՄՆ-ի ամբողջ արտաքին աջակցության փոփոխման եւ Հայաստանի հետ երկկողմանի հարաբերությունների վերանայման համատեքստում: Կարեւորագույն հարց է հանդիսանում Հիմնական ազատությունների մասին արձանագրության 907-րդ ուղղումը, որը կարգավորում է Հայաստանին եւ Ադրբեջանին ԱՄՆ-ի կողմից օգնության տրամադրման գործընթացը»,- նշել է Գիրագոսյանը:
Նա հիշեցրել է, որ ամեն տարի կարող է վերականգնվել ԱՄՆ նախագահի պահանջը ուղղման վերացման մասին: «907-րդ ուղղման վերացման մասին պահանջը ներկայացնելուց 60 օր անց, նախագահը պետք է զեկուցի ԱՄՆ Կոնգրեսին Ադրբեջանին օգնություն տրամադրելու միջոցների մասին, Հայաստանին եւ Ադրբեջանին ռազմական ֆինանսական օգնության հավասարության մասին, Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցությունների վիճակի մասին եւ ԱՄՆ-ի ջանքերի մասին այդ բանակցություններում: Նախագահ Ջորջ Բուշը փորձում է վերացնել այդ ուղղումը, վերջին անգամ դա եղել է 2006 թվականի փետրվարին:
Հասել է ժամանակը, որպեսզի ԱՄՆ-ը եւ ԵՄ-ն ընդունեն, որ Հայաստանի շարունակվող շրջափակումը սպառնում է Տարածաշրջանի կայունությանն ու տարածաշրջանային զարգացմանը: Անհրաժեշտ է ճնշում գործադրել Ադրբեջանի եւ Թուրքիայի վրա, որպեսզի նրանք գիտակցեն, որ տարածաշրջանի ապագան կախված է Հայաստանի ապաշրջափակումից` Եվրոպայի վերջին «երկաթյա վարագույրի» վերացումից»,- ընդգծել է ամերիկացի փորձագետը:
Հիշեցնենք, որ 907-րդ ուղղումն ընդունվել է ԱՄՆ Կոնգրեսի կողմից 1992 թվականին` ի պատասխան Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում պատերազմ սկսելուն: