21 ապրիլի 2016 - 11:51 AMT
Ցեղասպանության տարելիցին նվիրված Համաուկրաինական համաժողով՝ Կիևում

Ապրիլի 20-ին Կիևում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված Համաուկրաինական համաժողով, որի կազմակերպիչներն են Ուկրաինայի հայերի միությունն ու Հայաստանի Հանրապետության դեսպանատունը:

Ինչպես հայտնում է AnalitikaUA.net-ը, համաժողովին մասնակցել են հայտնի գիտնականներ, փորձագետներ Ուկրաինայի տարբեր շրջաններից, ժողովրդական պատգամավորներ, քաղաքական և հասարակական գործիչներ, «Ուկրաինայի հայերը» քաղաքացիական հարթակի ակտիվիստներ, հոգևորականներ և ազգային-մշակութային ընկերակցությունների ներկայացուցիչներ:

Համաժողովի մեկնարկից առաջ բոլոր ներկաները հնարավորություն ունեին ծանոթանալու ցուցահանդեսի նմուշներին, փաստագրական ֆիլմ դիտել Հայոց ցեղասպանության մասին:

Ողջույնի խոսքով միջոցառմանը ելույթ ունեցան Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը, ՀԱԵ ուկրաինական թեմի առաջնորդ Մարկոս Հովհաննիսյանը, Ուկրաինայի հայերի միության գործադիր տնօրեն Դավիթ Մկրտչյանը: Զեկույցներով հանդես եկան Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր Անտոն Կիսսեն, հայտնի գործիչներ` Միխայիլ Տովտը, Աշոտ Ավանեսյանը, Գեորգի Հասանովը, փորձագետներ Նատալիա Լատիգինան, Վերոնիկա Խուդոլեյը, ինչպես նաև գիտնականներ Ստանիսլավ Կուլչիցկին, Լարիսա Սկորիկը, Սերգեյ Գալչակը, Վիկտոր Գուսևը և այլոք:

Այս օրերին Ուկրաինայի տարբեր քաղաքներում տեղի են ունենում խորհրդաժողովներ, կլոր սեղաններ, շնորհանդեսներ, դասախոսություններ Հայոց ցեղասպանության մասին և այլ միջոցառումներ:

Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի առաջարկով Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումների համակարգման համար ստեղծվել է հատուկ կոմիտե: