21 ապրիլի 2016 - 15:31 AMT
Wall Street Journal-ը Ցեղասպանությունը ժխտող թուրքական գովազդ է տպագրել

Ամերիկյան The Wall Street Journal-ը գովազդային արշավ է անցկացրել Թուրքական խմբի համար, որը ժխտում է Հայոց ցեղասպանությունը:

Ինչպես հայտնում է Sputnik-ը, ապրիլի 20-ին լույս է տեսել WSJ թերթի համարը, որտեղ ամբողջ էջով մեկ «Ճշմարտությունը հավասար է խաղաղության» բառերով և երեք ձեռքի պատկերով գովազդ է հրապարակված` ձեռքերը ներկված են թուրքական, հայկական և ռուսական դրոշների գույներով: Թուրքական ձեռքը խաղաղության նշան է ցուցադրում, հայկականի ու ռուսականի մատները խաչած են:

Գովազդը հղում է կատարում Fact Check Armenia կայքին, որը 1,5 մլն հայերի սպանությունը օսմանցի թուրքերի կողմից ներկայացնում է որպես հայկական «քարոզչություն»: Կայքը նաև պնդում է, թե զանգվածաբար սպանված մարդիկ հավաքական առումով մեղավոր էին «հողին դավաճանելու մեջ»: