21 ապրիլի 2016 - 17:05 AMT
ՊՆ տեղակալը` ՆԱՏՕ-ում. ԼՂ ժողովուրդն իրավունք ունի ինքնապաշտպանվելու և բարելավելու իր անվտանգության միջավայրը

Ապրիլի 21-ից աշխատանքային այցով ՆԱՏՕ-ի կենտրոնակայան այցելած ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի Գլխավոր Քարտուղարի տեղակալ դեսպան Ալեքսանդր Վերշբոուի հետ:

Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարի առաջին տեղակալը ներկայացրել է ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրականացրած ագրեսիայի մանրամասները՝ մասնավորապես նախապես պլանավորված նախահարձակ գործողությունները և այդ ընթացքում միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտումներն ապացուցող հիմնավորումները: Դավիթ Տոնոյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը չի կարող կասեցվել ռազմական ուժի կիրառմամբ. «Վերահաստատվել է, որ համայն հայությունը մոբիլիզացված է և բոլոր միջոցներով կպաշտպանի այդ իրավունքը: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը իրավունք ունի ինքնապաշտպանվելու և բարելավելու իր անվտանգության միջավայրը»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանն առնչվող հարցեր: Դեսպան Վերշբոուն, բարձր գնահատելով Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների ներկայիս մակարդակը, հույս է հայտնել, որ այն կշարունակի պահպանել զարգացման դինամիկան:

Ապրիլի 22-ին Դավիթ Տոնոյանը կմասնակցի Հայաստան-ՆԱՏՕ «Պլանավորման և վերանայման գործընթաց» փաստաթղթի քննարկմանը, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ և ռուսական կողմի միջնորդությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրակի ռեժիմի դադարեցման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Հայկական կողմն ունի 78 մարտական կորուստ, սպանվել է 4 խաղաղ բնակիչ. 122 զինծառայող վիրավորվել է: