22 ապրիլի 2016 - 10:08 AMT
ԼՂՀ ՊՆ. Հակառակորդը կիրառել է նռնականետ և զենիթային համակարգ

Ապրիլի 21-ի լույս 22-ի գիշերը ադրբեջանա-ղարաբաղյան զինված դիմակայության գոտում օպերատիվ իրադրությունը մնացել է անփոփոխ: Առաջնային գծի ողջ երկայնքով, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է մոտ 70 անգամ: Բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը հարավարևելյան (Հադրութ) ուղղությամբ կիրառել է ՌՊԳ-7 (1 արկ) տիպի նռնականետ, իսկ հյուսիսարևելյան ուղղությամբ` ԶՈւ-23-2 տիպի զենիթային համակարգ (1 կրակոց):

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Ապրիլի 20-ի լույս 21-ի գիշերը ադրբեջանա-ղարաբաղյան զինված դիմակայության գոտում օպերատիվ իրադրության փոփոխություններ չեն արձանագրվել: Առաջնային գծի ողջ երկայնքով, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է ավելի քան 70 անգամ:

Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել հարավարևելյան (Հադրութ), արևելյան (Ակնա) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններով: Հյուսիսարևելյան ուղղությամբ, բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (2 արկ) և ՀԱՆ-17 տիպի նռնականետ (2 արկ):