22 ապրիլի 2016 - 12:05 AMT
ԱՄՆ Պետդեպ. Հավատարիմ ենք ԼՂ-ում տևական խաղաղության ուղղությամբ աշխատելու հանձնառությանը

Միացյալ Նահանգները հավատարիմ են մնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում կողմերի հետ տևական խաղաղության հասնելու ուղղությամբ աշխատելու հանձնառությանը։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Ջոն Քիրբին ապրիլի 21-ին կայացած ճեպազրույցի ընթացքում:

«Առաջին հերթին մենք շարունակում ենք աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացին։ Մենք շարունակում ենք հավատալ, որ դա է առաջ գնալու լավագույն ուղին։ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքն իր ռուս և ֆրանսիացի գործընկերների հետ այցելել է տարածաշրջան՝ ցույց տալով, որ մենք ցանկանում ենք, որ կողմերն անհապաղ վերադառնան բանակցությունների և կարգավորման գործընթացին։

Եվ մենք կրկին հավատարիմ ենք մնում ԵԱՀԿ-ի միջոցով կողմերի հետ տևական խաղաղության հասնելու ուղղությամբ աշխատելու հանձնառությանը»,- ասել է Քիրբին, գրում է Tert.am-ը:

Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության տեղեկատվության ու տպագրության բաժինը հայտարարությամբ է հանդես եկել՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ իրավիճակի առնչությամբ։

Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ հնարավոր զինադադարի հիմքում նախկինի պես Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին 1994 և 1995 թթ. համաձայնագրերն են: «Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացման համատեքստում ռուսական կողմը ելնում է նրանից, որ Հրադադարի մասին 1994թ. համաձայնագիրը, ինչպես նաև 1995թ. Հրադադարի ամրապնդման վերաբերյալ համաձայնագիրն անժամկետ են և շարունակում են մնալ հակամարտության գոտում հրադադարի հիմքում»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Երևանում է։ Նրան կընդունի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։