22 ապրիլի 2016 - 12:52 AMT
ՌԴ ԱԳ նախարար. Մոսկվան ԼՂ-ում անժամկետ հրադադարի խստիվ պահպանման կողմնակից է

Մոսկվան հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղում անժամկետ հրադադարի խստիվ պահպանման օգտին: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ ընդլայնված կազմով բանակցությունների մեկնարկին, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Մենք հասկանում ենք, թե ինչ շրջան է հիմա ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Մենք ջանքեր ենք գործադրել, անձմաբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որպեսղի բռնության բռնկումը կասեցվի»,-ասել է Լավրովը:

«Հիմա սկզբունքային հարց է հրադադարի մասին պայմանավորվածությունների պահպանումը, և 1994 և 1995 թթ. համաձայնագրերի նոր խախտումների բացառումը, այդ փաստաթղթերում արձանագրված է և ամրագրված է անժամկետ հրադադարը»,-ասել է նա:

Ըստ Լավրովի, հարկավոր է ավարտին հասցնել ԵԱՀԿ գծով պայմանավորվածությունները վստահության միջոցների, լարվածության թուլացման, դիպուկահարների մասին:

«Ինչ վերաբերում է քաղաքական կարգավորմանը, մենք պատրաստ ենք անել հնարավորը: Պետք է անել այն ամենն, ինչ հնարավոր է, թույլ չտալու համար բռնություն և միջադեպեր», -ասել է նա:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Զախարովան հայտարարել էր, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Երևան այցի ժամանակ որոշակի մշակումներ կներկայացնի ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ:

«Սերգեյ Լավրովը երբեք ոչ մի տեղ դատարկ ձեռքով չի գնում»,-ասել է նա ճեպազրույցի ժամանակ: «Ասել թե դա պլան է, ծրագիր է, նախագիծ կամ փաստաթուղթ, կարծում եմ, սխալ կլինի: Խոսքը որոշակի մշակումների մասին է, կարգավորման վերաբերյալ որոշ գաղափարների քննարկման: Դրանում է կայանում միջնորդի դերը` խոսել կողմերի հետ, քննարկել հնարավորությունները, լսել նրանց մտահոգությունները, լուծման տարբերակներ առաջարկել»,-ասել է Զախարովան:

Մինչդեռ Լավրովին Երևանում դիմավորեցին «Ձեռքներդ հեռու Արցախից. Արժանապատվության պահանջ-երթով»: Ինչպես ասվում էր նախաձեռնության կազմակերպիչների տարածած հայտարարության մեջ, «գիտակցելով պահի լրջությունը և ԶԼՄ-ներով շրջանառության մեջ դրված հակահայկական ծրագրերի վտանգավորությունը արյունով վերանվաճված ու պաշտպանված Արցախի Հանրապետության համար, երթի մասնակիցները ներկայացրեցին իրենց պահանջները»: