22 ապրիլի 2016 - 13:31 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Լավրով. Հայաստանը Կազանի փաստաթուղթը չի մերժել

Հայաստանը Կազանի փաստաթուղթը չի մերժել։ Այս մասին Երևանում ՀՀ և ՌԴ արտգործնախարարների համատեղ ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք համապատասխանում է իրականությանը ռուսական լրատվամիջոցների տեղեկատվությունը այն մասին, որ հակամարտության կողմերը մերժել են Կազանի պայմանագիրը:

«Ինչպես ասաց պարոն Լավրովը, Կազանում փաստաթուղթը մերժողը Հայաստանը չի եղել, այլ Ադրբեջանն էր», - ասել է Հայաստանի արտգործնախարարը:

Նալբանդյանը նկատել է, որ նույն մերժումն Ադրբեջանը արել է ոչ միայն Կազանում, այլ դրանից առաջ նաև Սոչիում, Մոսկվայում, Աստրախանում, Պետերբուրգում:

2011 թվականի հունիսի 24-ին Կազանում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով ՀՀ, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների միջև եռակողմ բանակցություններ տեղի ունեցան: Բանակցություններից առաջ շատերը վստահություն էին հայտնում կարգավորման հիմնական սկզբունքների վերաբերյալ պայմանավորվածության ձեռքբերման ու համապատասխան փաստաթղթի ստորագրման վերաբերյալ: Սակայն Ալիևը տապալել է բանակցությունները` վերջին պահին 10 նոր առաջարկ ներկայացնելով:

ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը ապրիլի 7-ին հայտնել է. «2011-ին կողմերին ներկայացված Կազանի փաստաթուղթը բանակցությունների սեղանին է։ Ադրբեջանը հրաժարվում է այն ընդունել` չնայած, որ նախօրոք համաձայնեցվել է Բաքվի հետ։ Մենք բազմիցս խոսել ենք այդ մասին։ Դեռևս Կազանում հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներկայացրել է տասը նոր առաջարկ և փաստացի խափանել է կարգավորման սկզբունքների համաձայնեցումը»:

Նալբանդյանն ասուլիսին տեղեկացրել է, որ ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների հանդիպման առանցքում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիվ ռազմական գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակն է և դրա հետևանքների հաղթահարման հարցերն են եղել:

«Ադրբեջանական արկածախնդրությունը լրջագույն վնաս է հասցրել բանակցային գործընթացին: ՌԴ և ԵԱՀԿ ՄԽ եռակողմ համանախագահների հետ մենք փորձում ենք միջոցներ գտնենք հաղթահարելու Բաքվի կողմից ստեղծված խոչընդոտները՝ վերահաստատելով 1994 և 1995-ին հաստատված հրադադարը, համապատասխան պայմաններ ապահովել կարգավորման գործընթացը բնականոն հուն վերադարձնելու համար»,- ասել է Նալբանդյանը:

Նրա խոսքով՝ հայկական և ռուսական կողմերը համակարծիք են այն հարցում, որ ուժի կիրառումը անընդունելի է և բանակցային ճանապարհով կարգավորումն այլընտրանք չունի:

ՌԴ ԱԳ նախարար. Մոսկվան ԼՂ-ում անժամկետ հրադադարի խստիվ պահպանման կողմնակից է

ՌԴ ԱԳՆ. Հնարավոր զինադադարի հիմքում ԼՂ վերաբերյալ 1994-ի և 1995-ի համաձայնագրերն են

ՖՈՏՈՇԱՐՔ