22 ապրիլի 2016 - 15:35 AMT
Չիկագոյում միջոցառումներ կանցնեն` նվիրված Հայոց ցեղասպանության տարելիցին

Չիկագոյի հայ համայնքը մի շարք միջոցառումներ է կազմակերպել` նվիրված Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին: Տեղի կունենան ցույցեր, կմատուցվի պատարագ, ոգեկոչման արարողություն, հայտնում է Armenian Weekly-ն:

Ապրիլի 22-ին ցույց տեղի կունենա Չիկագոյում թուրքական հյուպատոսության առջև: Հայ երիտասարդական «Արարատ» միությունը ցույցի կազմակերպիչն է և կոչ է արել համայնքի անդամներին մասնակցել թուրքական ժխտողականության դեմ բողոքին:

Ապրիլի 23-ին տեղի կունենա «Հայոց ցեղասպանություն 101. Հաջորդ գլուխը սկսվում է մեր երիտասարդներից» վերտառությամբ ոգեկոչման միջոցառումը, որի հովանավորն է Իլինոյսի Հայ Դատի հանձնախումբը: Միջոցառման ավարտին մասնակիցները մոմեր կվառեն ի հիշատակ անմեղ զոհերի: Միջոցառումը տեղի կունենա Ամենափրկիչ հայկական եկեղեցում:

Ապրիլի 24-ին նույն եկեղեցում կմատուցվի պատարագ, որին կհաջորդի ոգեկոչման միջոցառումը: Մասնակիցների թվում են ԱՄՆ կոնգրեսական Բոբ Դոլդը, նահանգի սենատոր Դենիել Բիսը, նահանգի ներկայացուցիչ Լաուրա Ֆայնը, Կոնգրեսի անդամության թեկնածու Ռաջա Կրիշնամուրտին և ԱՄՆ այլ ազդեցիկ քաղաքական գործիչներ: