22 ապրիլի 2016 - 14:58 AMT
Հայ սակրավորները հնարավոր է մասնակցեն Պալմիրային ականազերծմանը

Մոսկվան և Երևանը քննարկել են Հայ-ռուսական հումանիտար արձագանքման կենտրոնի մասնագետների մասնակցության հնարավորությունը սիրիական Պալմիրայի ականազերծմանը: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Երևանում:

«Բոլորովին վերջերս բացվեց Հայ-ռուսական հումանիտար արձագանքման կենտրոնը և այսօր մենք քննարկել ենք Պալմիրայի ականազերծմանն այդ կենտրոնի մասնագետների` սակրավորների մասնակցության հնարավորությունը»,-ասել է Լավրովը ՀՀ ԱԳ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ բանակցությունների ավարտին:

Նա հույս է հայտնել, որ համատեղ նախաձեռնությունը կիրագործվի:

«Մենք սատարում ենք ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունների ծրագրին, որը ներկայացվել է, և հատկապես, երախտապարտ ենք, որ լավ առաջարկներ արվեցին ահաբեկչության դեմ պայքարում դաշնակիցների աշխատանքի արդյունավետության բարձրացման, ռազմատեխնիկական համագործակցության զարգացման վերաբերյալ»,-ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը, հայտնում է Sputnik Armenia-ն:

Ռուս-հայկական հումանիտար արձագանքման կենտրոնի կազմում ներառված են արձագանքման բոլոր համակարգերը: Կենտրոնը թույլ է տալիս օպերատիվ և արդյունավետ կերպով արձագանքել արտակարգ իրավիճակներին երկու պետությունների սահմանամերձ տարածքներում, ինչպես նաև երրորդ երկրներում: Կենտրոնում պատրաստվում են արտակարգ իրավիճակների կանխման և հետևանքների վերացման ոլորտի մասնագետներ, ինչպես նաև հումանիտար ականազերծման մասնագետներ: