22 ապրիլի 2016 - 16:26 AMT
Լոս Անջելեսի քաղաքապետը դատապարտել է հայ ընտանիքի հանդեպ ատելության դրսևորումը

Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետին ապրիլի 21-ին հանդես է եկել հայտարարությամբ` դատապարտելով միջադեպը, որը տեղի էր ունեցել ապրիլի կեսին, երբ հայ ընտանիքը սպառնալից նամակ էր ստացել տան մոտ կախված հայկական դրոշի պատճառով, հայտնում է Asbarez-ը:

«Մենք մտադիր չենք հանդուրժել հանցագործությունները, որոնց նպատակը ոչ միայն վնաս պատճառելն է, այլ նաև ահաբեկելը»,-ասել է Գարսետին:

«Այս շաբաթ ոգեկոչվելու է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, և մենք պետք է ընդունենք, որ կան հայ համայնքի դեմ կանխակալ վերաբերմունքի դրսևորումներ: Այլատյացության փաստերը, որոնց ականատաեսը եղավ Չաթալյանների ընտանիքը, պետք է բացառվեն Լոս Անջելեսում: Այս քաղաքում մենք չենք վանում մարդկանց, մենք միավորվում ենք: Մենք պետք է սիրով և հարգանքով վերաբերվենք միմյանց և հրաժարվենք մեզ պառակտող ցանկացած գաղափարախոսությունից»,-ասել է քաղաքապետը:

ՄՆ Կալիֆորնիա նահանգի Տոխունգա քաղաքում բնակվող հայուհի Հասմիկ Չաթալյանը և իր ընտանիքը սպառնալիքներ են ստացել տան դռանը կախված հայկական դրոշի պատճառով:

Ինչպես հաղորդում է ABC-ն, Չաթալյանը ստացել է նամակ, որտեղ, մասնավորապես, ասվում էր, թե նա «անարգում է» ամերիկացիներին հայկական դրոշ կախելով: «Դու ապրում ես ԱՄՆ-ում, ով ունի զինվորներ, ովքեր սպանվում են, որ քեզ չմորթեն շան նման, ինչպես թուրքերն արեցին... դու նյարդայնացնում ես մեզ, ու մենք քեզ այդ համար կվնասենք», - գրված էր նամակում:

Ոստիկաններն ատելության հողի վրա միջադեպի հետքերով քրգործ են հարուցել ու առգրավել են նամակը՝ մատնահետքեր վերցնելու համար: Չաթալյանների հարևանները հայտնել են, որ մեկ տարի առաջ նրանց մեքենայի վրա ձվեր են նետել, երբ ընտանիքը հայկական դրոշ է կախել նրա վրա: Ընտանիքը, սակայն, վախեցած չէ. Չաթալյանը ոչ միայն չի հեռացրել դրոշն, այլև կախել է երկրորդը: Նա հորդորել է տարածքում բնակվող բոլոր հայերին նույն կերպ վարվել:

Կոնգրեսական Ադամ Շիֆը ևս վճռականորեն դատապարտել է միջադեպը: «Այլատյացության փաստը, որի վկաները դարձանք Տախունգա քաղաքում, չպետք է տեղ ունենա մեր հանրության շրջանում: Ես խորապես մտահոգված եմ, որ ինչ-որ մեկը կարող է սպառնալիքներ ստանալ հայ լինելու կամ իր տան մոտ հայկական դրոշ կախելու համար»,-ասե է նա:

«Լեռնային Ղարաբաղում բազմաթիվ հայերի կյանքեր խլած սրացումից անմիջապես հետո, և Հայոց ցեղասպանության տարելիցից մի քանի շաբաթ առաջ ատելության այս դրսևորումը էլ ավելի պարսավելի է: Ես ուրախ եմ, որ Լոս Անջելեսի ոստիկանությունը հետաքննում է միջադեպը որպես ատելության վրա հիմնված հանցագործություն»,-ասել է Շիֆը: