22 ապրիլի 2016 - 16:55 AMT
Հունաստանի համապոնտական դաշնությունը պատրաստ է աջակցել Արցախին

Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ապրիլի 21-ին ընդունել է Հունաստանի համապոնտական դաշնության պատվիրակությանը՝ կառույցի ղեկավար Խրիստոս Դիմիտրիոս Տոպալիդիսի գլխավորությամբ:

Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի նախագահը կարևորել է հայ և հույն ժողովուրդների միջև դարավոր բարեկամությունը, նշելով, որ միևնույն պատմական ընդհանուր անցյալը և մշակութային հարուստ ավանդույթները բարենպաստ պայմաններ են ստեղծում ապագա համատեղ ծրագրերի իրականացման համար: Աշոտ Ղուլյանը հյուրերի խնդրանքով ներկայացրել է ապրիլի 2-5-ը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ծավալված ռազմական գործողությունների նկարագիրը և անդրադարձել դրանց հետևանքներին:

Շնորհակալություն հայտնելով ԱԺ նախագահին ջերմ ընդունելության համար՝ Հունաստանի Համապոնտական դաշնության նախագահ Խրիստոս Դիմիտրիոս Տոպալիդիսը ընգծել է, որ Համապոնտական դաշնությունը պատրաստ է աջակցել Լեռնային Ղարաբաղին և հույս է հայտնել, որ խնդիրը կլուծվի միմիայն խաղաղ ճանապարհով:

Ամփոփելով հանդիպումը՝ խորհրդարանի ղեկավարն այն որակել է որպես հեռանկարային փոխգործակցության սկիզբ: Հանդիպմանը մասնակցում էին խորհրդարանի փոխնախագահ Վահրամ Բալայանը, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը և նույն հանձնաժողովի նախագահի տեղակալ Դավիթ Մելքումյանը, հայտնում է Արցախի ԱԺ մամուլի ծառայությունը:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ և ռուսական կողմի միջնորդությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրակի ռեժիմի դադարեցման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Հայկական կողմն ունի 78 մարտական կորուստ, սպանվել է 4 խաղաղ բնակիչ. 122 զինծառայող վիրավորվել է: