17 փետրվարի 2007 - 14:11 AMT
Հայ-ամերիկյան հարաբերությունները, հատկապես վերջին 3-4 տարների ընթացքում, էապես խորացել են
Փետրվարի 16-ին ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն առաքելությունն ավարտելու կապակցությամբ ընդունեց ԱՄՆ Պաշտպանության քարտուղարի` Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ջեյմս ՄաքԴուգալին: Հանդիպմանը ներկա էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Էնթոնի Գոդֆրեը: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Շնորհակալություն հայտնելով պաշտոնավարման ընթացքում կատարած աշխատանքի համար` պաշտպանության նախարարը փաստեց, որ հայ-ամերիկյան հարաբերությունները, հատկապես վերջին երեք-չորս տարիներին, էապես խորացել են, եւ համոզմունք հայտնեց, որ այդ գործընթացը շարունակական կլինի: Ջեյմս ՄաքԴուգալն իր խորին երախտագիտությունը հայտնեց նախարարին եւ նախարարության ամբողջ անձնակազմին` պաշտպանության ոլորտում արդյունավետ եւ բարձր մակարդակի համագործակցության համար:

Անդրադառնալով ԼՂՀ հիմնախնդրին, բարձր գնահատելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դերը` Սերժ Սարգսյանը համոզմունք հայտնեց, որ խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու միջոցները դեռեւս սպառված չեն:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին հայ-ամերիկյան ռազմական համագործակցության ներկա ընթացքն ու զարգացման հեռանկարները, անդրադարձան տարածաշրջանային անվտանգության խնդիրներին: ՄաքԴուգալը դրական կարծիք հայտնեց Իրաքում առաքելություն իրականացնող հայ խաղաղապահների մարտական պատրաստականության, արտակարգ իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակության, լեզվի իմացության եւ կազմակերպվածության վերաբերյալ: