23 ապրիլի 2016 - 12:23 AMT
Ցեղասպանությունը ժխտող թուրքերը թիրախավորել են Լոս Անջելեսի հայկական թաղամասը

Ապրիլի 22-ին Ամերիկայի հայկական խորհրդին (ԱՀԽ) իրազեկել են, որ թուրք ժխտողականները թիրախավորել են Լոս Անջելեսի «Փոքր Հայաստան» թաղամասը:

Թուրք ժխտողականներն ամբողջ թաղամասով մեկ պաստառներ են փակցրել «Fact Check Armenia» ընկերակցության մասին, որը ժխտում է Հայոց ցեղասպանության փաստը Օսմանյան Թուրքիայում` անտեսելով պատմական փաստերը:

ԱՀԽ անդամներից մեկը փորձել է հեռացնել պաստառները, որոնք փակցվել էին ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆի գրասենյալի շրջանային բաժանմունքում, և հանդիպել է 3 անհայտ անձանց դիմադրությանը, որոնք պնդում էին, թե իբր համագործակցում են ՀՀ կառավարության հետ երկու երկրների միջև այս պաստառների միջոցով խաղաղության հաստատման նպատակով: Սակայն, 2 տղամարդն ու կինը այդպես էլ չեն կարողացել պատասխանել հայերի և Հայաստանի մասին հասարակ հարցերին, ինչպես նաև ոչ մի կոնկրետ տեղեկություն չեն հայտնել:

«Փոքր Հայաստան» թաղամասի պաշտոնյաներն իրազեկվել են կատարվածի մասին և դատապարտել են նման գործողություններն` ուղղված Ցեղասպանության ժխտմանը:

«Վիրավորական է Ցեղասպանության ժխտողական քարոզչություն տեսնել այն նույն փողոցներին, որտեղ այս օրերին տասնյակ հազարավոր մարդիկ կհավաքվեն` հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Քանի դեռ մենք բացահայտ բարձրաձայնում ենք ճշմարտությունը, Թուրքիայի և նրա դաշնակիցների ժխտողական քարոզարշավը հաջողության չի հասնի»,-ասել է կոնգրեսական Շիֆը:

Նա նշել է ճշմարտությունը ժխտող պաստառների փակցման անհեթեթությունը, քանի որ այդ շրջանում և ամբողջ Կալիֆորնիայում Ցեղասպանությունը ժխտող մարդիկ տեղ չունեն: Լոս Անջելեսի վեհաժողովի և խորհրդի անդամ Միչ Օ’Ֆարելը նույնպես դատապարտել է Թուրքիայի ժխտողականությունը: