23 ապրիլի 2016 - 11:52 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Քլունին՝ Ցեղասպանության մասին. Երևույթները պետք է կոչել իրենց անունով, չես կարող հերքել այն, ինչ կատարվել է

Երևանում ընթացող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 2-րդ գլոբալ ֆորումի ժամանակ, հանրահայտ դերասան, «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի համանախագահ Ջորջ Քլունին ասել է.

«Իմ առաջին այցելությունն է Հայաստան: Շատ ուրախ եմ, որ այստեղ եմ, մասնակցում եմ այս հետաքրքիր միջոցառմանը»:

The Washington Post հեղինակավոր թերթի հրապարակախոս, խմբագիր, հայկական արմատներ ունեցող Դևիդ Իգնատիուսը (David Ignatius) Քլունիից հետաքրքրվել է, թե ի՞նչն է ստիպել նրան այցելել Հայաստան, լինել այս ֆորումին:

Ի պատասխան Քլունին ասել է, որ ինքը ծնվել է մի այնպիսի ժամանակաշրջանում, երբ մարդիկ իրենց իրավունքների համար էին պայքարում, ակտիվ էին ու ինքն էլ դաստիարակվել է այդ սկզբունքներով: Դարֆուրի ցեղասպանության մասին հոդվածները կարդալուց հետո որոշել է իր այժմյան հանրահայտ լինելը ի նպաստ ցեղասպանության հետևանքով տուժածների օգտագործել:

«Այժմ ունենալով փառք, ճանաչում ես փորձում եմ օգնել մարդկանց, և ինձ հետևում են տեսախցիկները, որոնց օգնությամբ խնդիրը կընդլայնվի», - նկատել է Քլունին, գրում է Panorama.am-ը:

Ցեղասպանությունները կոտորած համարելը, նրա խոսքով, ճիշտ չէ, բայց դրան հասնելու համար երկար ու բարդ ճանապարհ է պետք:

«Երկար և դժվարին պայքար է եղել մինչև իրերը կոչել են իրենց անուններով, ամեն ինչ բարդ է, բայց ժամանակին: Չես կարող հերքել այն, ինչ կատարվել է: Չես կարող վերադարձնել մի ամբողջ ցեղի, մարդկանց մշակույթը, դա հենց ցեղասպանություն է: Ասում ենք, որ նորից չպետք է կատարվի, բայց նորից ու նորից կատարվում է: Ես կարծում եմ, որ այն, ինչ մենք այսօր անում ենք` երկու իմաստ ունի. առաջինը հետ նայենք ու չմոռանանք՝ դա Հայաստանի պատմության մի մասն է, նաև աշխարհի պատմության մի մասն է, և մյուսն էլ այն է, որ դեպի առաջ պետք է նայել», - ասել է դերասանը:

Aurora Prize միջազգային առաջին մրցանակաբաշխությանը, որը տեղի է ունենալու ապրիլի 24-ին, Քլունին կհայտարարի մրցանակի հաղթողի անունը:

Ապրիլի 22-ից 24-ը Երևանում կկազմակերպվեն հումանիտար ամենահրատապ ճգնաժամերի մասին քննարկումներ, որոնց մասնակցելու համար Հայաստան կժամանեն համաշխարհային մարդասիրական ոլորտի մի շարք բացառիկ գործիչներ: Միջոցառումները կամփոփվեն «Ավրորա» անդրանիկ մրցանակի շնորհումով։ Մրցանակի հավակնորդները չորսն են` Մարգարիտ Բարանկիցեն՝ Բուրունդիից, բժիշկ Թոմ Քաթինան՝ Սուդանից, Սայիդա Ղուլամ Ֆաթիման՝ Պակիստանից, և Հայր Բերնարդ Կինվին՝ Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունից:

ՖՈՏՈՇԱՐՔ