24 ապրիլի 2016 - 12:01 AMT
«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 3-րդ գլոբալ ֆորումը՝ 2018-ին. Հայտարարություն է ընդունվել

Երևանում ապրիլի 23-ին տեղի ունեցած «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումն ընդունել է եզրափակիչ հայտարարություն:

Որոշվել է հաջորդ հանդիպումը կազմակերպել 2018-ի ապրիլին Հայաստանում: Երկրորդ գլոբալ ֆորումը կոչ է արել բոլոր երկրներին, խորհրդարաններին, միջազգային կազմակերպություններին, քաղաքացիական հասարակությանը և շահագրգիռ այլ կողմերին համախմբելու ջանքերը ցեղասպանության չարիքի և մարդկության հանդեպ այլ հանցագործությունների դեմ պայքարի նոր հանձնառության ոգու ներքո:

Ընդունված փաստաթղթում մասնավորապես ասված է. «Գլոբալ ֆորումը հարգանքի տուրք է մատուցում և երախտագիտություն է հայտնում բոլոր նրանց, ով հումանիտար ճգնաժամերի և ցեղասպանության օրերին հանդես եկան հանուն մարդկության և գործելով արիությամբ և զոհողությունների գնով փրկվեցին բազմաթիվ անմեղ կյանքեր, խորը մտահոգություն է արտահայտվում վեջերս Մերձավոր Արևելքում և աշխարհի այլ կետերում լայն տարածում գտած վայրագությունների, ահաբեկչության ու ցեղասպան գործողությունների առնչությամբ, ինչն անմիջական վտանգ է ներկայացնում էթնիկ և կրոնական փոքրամասնությունների համար և առաջացնում է լայնամասշտաբ հումանիտար ճգնաժամեր՝ ներառելով Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր փախստականների և տեղահանված անձանց ամենաբարձր թիվը:

Գիտակցում է, որ նման ծավալի հումանիտար ճգնաժամերը պահանջում են ջանքերի համադրում և չեն կարող դիմագրավել միայնակ՝ առանձին երկրների կողմից, և խորապես հավատում է, որ փախստականների աննախադեպ մեծ քանակությամբ տեղահանված անձանց առնչվող մարտահրավերների լուծմանն ուղղված ջանքերը ոչ մի դեպքում չեն կարող քաղաքական շահարկումների առարկա հանդիսանալ:

Կրկին բարձրաձայնում է 2015-ին ապրիլին կայացած «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ-ֆորումի արդյունքում ընդունված Երևանյան հռչակագրի կոչը բոլոր պետություններին՝ հնարավորինս ներդրում ունենալ ցեղասպանության կանխարգելման մեխանիզմների ամրապնդման գործում:

Կոչ է անում բոլոր երկրներին, խորհրդարաններին, միջազգային կազմակերպություններին, քաղաքացիական հասարակությանը և շահագրգիռ այլ կողմերին համախմբելու ջանքերը ցեղասպանության չարիքի և մարդկության հանդեպ այլ հանցագործությունների դեմ պայքարի նոր հանձնառության ոգու ներքո:

Ընդգծում է մարդկության պատմության, ինչպես նաև ցեղասպանության պատճառների և հետևանքների դասավանդման կարևորությունը և անհրաժեշտությունն՝ անցյալի ոճրագործությունների համընդհանուր և օբյեկտիվ ճանաչման հասնելու ակնկալիքով, Առաջարկում է հաջորդ գլոբալ ֆորումի շրջանակներում շեշտադրումը կատարել կրթության դերի, մեխանիզմների, միջոցների, և կարողությունների վրա՝ որպես ատելությունը, անհանդուրժողականությունը, այլատյացությունը վերացնելու մեր համատեղ պարտականության մաս, և հավատացած է, որ կրթությունը և գիտելիքի փոխանակումը վճռական դերակատարություն ունեն ցեղասպանության արհավիրքի վերացման գործում, Որոշում է հաջորդ հանդիպումը գումարել 2018թ․ ապրիլին Հայաստանի Հանրապետությունում»։

Ապրիլի 23-ին Երևանում մեկնարկել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումը, որին մասնակցում է 50 երկրի ավելի քան 600 ներկայացուցիչ: Համաժողովի ընթացքում բաց քննարկում է լինելու ոչ միայն Հայոց ցեղասպանության հարցի շուրջ, այլ առհասարակ՝ ցեղասպանության հանցագործության շուրջ: Ֆորումի մասնակիցները կենտրոնանալու են ցեղասպանության կենդանի վերապրողների խնդիրների վրա, մարդիկ, ովքեր տեսել են արհավիրքն իրենց աչքերով, զգացել են այդ հանցագործությունն իրենց, իրենց ընտանիքների վրա:

«Ավրորա»-ն հրապարակել է փախստականների հարցով համաշխարհային հարցման արդյունքները