24 ապրիլի 2016 - 14:18 AMT
Վրաստանում Թուրքիայի դեսպանատան մոտ ավանդական ցույցը տեղափոխվել է` լարված և բարդ իրավիճակի պատճառով

Վրաստանի Հայ համայնքը որոշում է կայացրել այս տարի ապրիլի 24-յան ավանդական ցույցն անցկացնել ոչ թե Թուրքիայի դեսպանատան մոտ, այլ Սբ Էջմիածին եկեղեցուն հարակից տարածքում:

«Ելնելով երկրում և տարածաշրջանում տիրող լարված և բարդ իրավիճակից, հաշվի առնելով Վրաստանի իշխանությունների մտահոգությունը, դիրքորոշումը և հորդորը, սպասվելիք սադրանքներից զերծ մնալու համար, Վրաստանի Հայ համայնքը որոշում է կայացրել այս տարի ձեռնպահ մնալ թուրքական դեսպանատան մոտ անցկացվող ապրիլի 24-յան ավանդական ցույցից:

Ապրիլի 24-ին 14:00-ին ծրագրված միջոցառումն այս անգամ, որպես բացառություն, կանցկացվի Հավլաբարի Սբ Էջմիածին եկեղեցուն հարակից տարածքում»,- նշված է Վրաստանի հայ համայնքի տարածած հայտարարության մեջ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թբիլիսի մեկնող ադրբեջանական պատվիրակությանը, որը մտադիր էր ցույց կազմակերպել ՀՀ դեսպանատան առջև, թույլ չեն տվել մուտք գործել Վրաստան: Ադրբեջանի «Սփյուռքի միջազգային կենտրոն» կազմակերպության նախագահ Իսմայիլ Աղաևը, փոխնախագահ Սամիր Ադիգյոզելլին և Վրաստանում այդ կազմակերպության ներկայացուցչության ղեկավար Նամիգ Իսաևը ձերբակալվել են Վրաստանի սահմանապահների կողմից: Աղաևին և Իսաևին սահմանային անցակետից հետ են ուղարկել, իսկ Սամիր Ադիգյոզելլին ուղարկել են Ադրբեջան` Գարդաբանիում 2 ժամ պահելուց հետո: