25 ապրիլի 2016 - 13:40 AMT
Քուրդ գործիչ. Ուրիշի տարածքում պետություն չես հիմնի` հայկական հողերը մի օր պետք է պատկանեն հայերին

Գերմանիայում գործող թուրքական «Միություն ընդդեմ ցեղասպանության» կազմակերպության ներկայացուցիչ Մահմութ Ուզունին Հայաստանում լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ 100 տարի անց հայ ժողովուրդը վերջապես պետք է բարձրացնի պահանջատիրության հարցերը և մի կողմ դնի ճանաչման հարցը: Վերջինս ընդգծել է, որ ինքը, լինելով ազգությամբ քուրդ, ամաչում է, որ 100 տարի առաջ իր հայրենակիցներից շատերը մասնակցել են հայերի բնաջնջման գործին, հայտնում է Tert.am-ը:

«Մի բան կարող եմ ասել, որ մի ժողովրդին պատկանող տարածքում չի կարող մեկ այլ ժողովուրդ ապրել ու պետություն հիմնել, ինչպես հիմա քրդերն են դա ցանկանում անել ու անունը դնել Քրդստան: Դրանք հայկական հողեր են և մի օր պետք է պատկանեն հայ ժողովրդին»,- ասել է նա և պատմել, որ դեռ 100 տարի առաջ իր պապերի գյուղը` Քըրքզրան, հայտնաբերելով մոտակա քարանձավում ապրող հայերին, հյուրընկալել է, ապաստան տվել իրենց տներում և թույլ չտվել զինվորականներին ձեռք բարձրացնել նրանց վրա:

Նա վստահեցրել է, որ ինքը իր պապերի գեներն է կրում և ուզում է բարեկամների պես ապրել հայերի հետ:

Մահմութ Ուզունին նաև նշել է, որ լինելով աշխարհի տարբեր ծայրերում և խանութներում տեսնելով վաճառվող նուռ, հետաքրքրվել ու իմացել է, որ բոլորը բերվում են այն վայրերից, որտեղից 100 տարի առաջ գաղթել են հայերը և իրենց հետ տարել սերմերը:

«Ես այսօր աշխարհի 5 մայրցամաքներից ինձ հետ 5 նուռ են բերել, որոնք պետք է միավորվեն Հայաստանում: Այս հինգ նռերը խորհրդանշում են հայկական հարցը, որն իմ կարծիքով բաղկացած է 5 մասից` բռնազավթված Արևմտյան Հայաստան, բռնազավթված կամ շրջափակված Արևելյան Հայաստան, Արցախ, Նախիջևան և Ջավախք: Հայի այսօրվա առաքելությունն է` միավորել հայկական այս 5 տարածքները և ապրել այնպես ինչպես ապրում էր ավելի քան 100 տարի առաջ»,- ասաց նա:

Այնուհետև «Միություն ընդդեմ ցեղասպանության» կազմակերպության ներկայացուցիչը ներկայացրել է իրենց կազմակերպության հայտարարությունը, որում ասվում էր, թե իրենք հայց են ներկայացնում ընդդեմ Թուրքիայի ու Ադրբեջանի, որոնք շրջափակման մեջ են պահում Հայաստանը, ինչպես նաև այն երկրներին, որոնք զինում կամ տնտեսապես աջակցում են այս երկու պետություններին: