25 ապրիլի 2016 - 14:58 AMT
ՊԲ ղեկավարը The Washington Post-ին է ներկայացրել Ադրբեջանի ռազմական ոտնձգությունները

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանն ապրիլի 25-ին ՊԲ-ի շտաբում հարցազրույց է տվել The Washington Post-ի լրագրող Դևիդ Իգնատիուսին, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Հարցազրույցի ժամանակ արծարծվել է հարցերի բավականին լայն շրջանակ: Բանակի հրամանատարը ներկայացրել է ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ ռազմական ոտնձգությունները, ադրբեջանական զինուժի կողմից բարբարոսական ու առանձնակի դաժանությամբ իրականացված գործողությունները, առաջնագծում տիրող իրավիճակը և բանակաշինության հետ կապված հարցեր, հայտնում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ և ռուսական կողմի միջնորդությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրակի ռեժիմի դադարեցման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Հայկական կողմն ունի 78 մարտական կորուստ, սպանվել է 4 խաղաղ բնակիչ. 122 զինծառայող վիրավորվել է: