Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) առաջնորդ Ջեմիլ Բայիկը BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ իր կազմակերպությունը պատրաստ է ընդլայնել ռազմական գործողությունները Թուրքիայի դեմ:
«Քրդերը պաշտպանվելու են մինչև վերջ: ՔԱԿ-ը կընդլայնի ռազմական գործողությունները»,-ասել է Բայիկը:
Միևնույն ժամանակ քուրդ առաջնորդը նշել է նաև, որ ՔԱԿ-ը չի ձգտում անջատել քրդական շրջանները Թուրքիայից և պատրաստ է համագործակցել թուրքական կողմի հետ, եթե Անկարան ցանկանա բանակցել, հայտնում է Haqqin.az-ը:
ՔԱԿ և Թուրքիայի միջև հարաբերությունները կտրուկ սրվեցին Սուրուչ քաղաքում հուլիսի 20-ի ահաբեկչությունից հետո, երբ 32 մարդ զոհվեց, հիմնականում քրդեր: ՔԱԿ զինյալները մեղադրեցին Թուրքիայի իշխանություններին իսլամիստներին աջակցելու մեջ: ՔԱԿ-ը հայտարարեց զինված պայքարի վերսկսման մասին, քանի որ թուրք իրավապահները խախտել են հրադադարի մասին պայմանավորվածությունը: ՔԱԿ գրոհայինները գրեթե ամեն օր հարձակումներ են գործում տարբեր օբյեկտների վրա Թուրքիայում:
ՔԱԿ-ն անկախության համար պայքար է մղում ժամանակակից Թուրքիայի արևելքում 80-ականներից ի վեր: Պատերազմի ընթացքում ավելի քան 40 հազար մարդ է զոհվել, թուրքական տնտեսությանը 1984 թ. ի վեր հասցված վնասը գնահատվում է 1 տրլն դոլար: