26 ապրիլի 2016 - 14:25 AMT
Haaretz. Ապրիլի 4-ին և 6-ին Ադրբեջանի ՊՆ բեռնատար օդանավը 2 թռիչք է կատարել Իսրայել

Ապրիլի սկզբին ղարաբաղյան հակամարտության շփման գծում մարտերի ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մեծ բեռնատար օդանավը երկու անգամ վայրէջք է կատարել Իսրայելում, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը Haaretz թերթի վրա հղումով:

Իսրայելական պարբերականի փոխանցմամբ, Իլ-76 օդանավը երկիր է ժամանել ապրիլի 4-ին և 6-ին: Հենվելով տվյալների ինտերնետային բազայի վրա՝ Haaretz-ը հաղորդում է, որ AZAF8 (Azerbaijani Air Force 8) տարբերանշանով օդանավը ժամանել է Թուրքիայի կողմից, թռել է Կիպրոսի վրայով և Իսրայելի օդային տարածք է մուտք գործել Թել Ավիվի վրայով: Թերթը, վկայակոչելով արտասահմանյան զեկույցները, նշում է, որ Իսրայելը վերջին տարիներին դարձել է Ադրբեջանին զենքի հիմնական մատակարարներից մեկը՝ չորս տարում այդ պետությանը վաճառելով մոտ 5 միլիարդ դոլարի սպառազինություն:

Ապրիլի 12-ին Իսրայելի «Մերեց» կուսակցության ղեկավար Զեխավա Գալոնը բողոք է հայտնել Ադրբեջանին իսրայելական զենքի վաճառքի կապակցությամբ: Նա կոչ է արել նախարարին կասեցնել դրոնների առաքումն Ադրբեջան, քանի դեռ Իսրայելը հավաստիացումներ չի ստացել, որ դրանք չեն օգտագործվի հայկական կողմի դեմ:

Հայտնի սոցիոլոգ, ցեղասպանագետ, Երուսաղեմի Հոլոքոստի ու ցեղասպանության ինստիտուտի գործադիր տնօրեն Իսրայել Չարնին հոդված էր հրապարակել Haaretz –ում` «Արդյոք Իսրայելն անօդաչու թռչող սարք կվաճառե՞ր Հիտլերին» վերնագրով:

Հայաստանն իր բողոքն է հայտնել Իսրայելին` Ադրբեջանին զենք-զինամթերք վաճառելու փաստի առնչությամբ: Ինչպես հայտնում է Haaretz պարբերականը, բողոքը, մասնավորապես, վերաբերվում է Ադրբեջանին կամիկաձե-անօդաչուների վաճառքին: Այդպիսի դրոններից մեկով խոցվեց հայ կամավորականներին տեղափոխող ավտոբուսը, 7 մարդ զոհվեց:

2007 թվականին Իսրայելն ու Ադրբեջանը $1,6 մլրդ-ի զենքի մատակարարման պայմանագիր էին կնքել: Բացի անօդաչուներից, Իսրայելը մատակարարում է Ադրբեջանին ռադարներ, հակատանկային հրթիռներ, ականանետեր, գիշերային տեսանելիության սարքեր, այլ ռազմական պարագաներ:

Ընթերցեք նաև. «Հիտլերին է՞լ զենք կվաճառեիք». Հրեա ցեղասպանագետն՝ իսրայելա-ադրբեջանական գործարքների մասին

Իսրայելցի քաղգործիչ. Ադրբեջան դրոնների նոր խմբաքանակի առաքում է նախատեսվում