26 ապրիլի 2016 - 18:31 AMT
ԼՂՀ վարչապետ. Մարտակերտում արտակարգ դրությունը դեռ կպահպանվի

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանն ապրիլի 26-ին մեկնել է Մարտակերտ շրջկենտրոն և տեղում ծանոթացել ապրիլի 25-26-ի գիշերը հակառակորդի կողմից հրետակոծության հետևանքով բնակավայրի կրած վնասներին: Այս մասին տեղեկացնում է ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Վարչապետը շրջայց է կատարել Մարտակերտ քաղաքում, եղել է այն թաղամասերում, որտեղ հրետակոծությունից տուժել են առանձնատներ և քաղաքային նշանակության օբյեկտներ:

Այնուհետև, շրջանի պատասխանատուների մասնակցությամբ, վարչապետը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որի ժամանակ քննարկվել են ստեղծված իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր: Հարությունյանը դատապարտել է ադրբեջանական կողմի շարունակվող ագրեսիան և նշել, որ, անվտանգության նկատառումներից ելնելով, բնակավայրում մտցված արտակարգ դրությունը դեռևս կպահպանվի:

«Մենք վճռական ենք մեր քաղաքականության մեջ և թշնամու ագրեսիվ գործողություններին տվել ու տալու ենք համարժեք պատասխան: Ինչ վերաբերում է բնակիչների կրած կորուստներին, կառավարությունը շարունակելու է գույքագրել դրանք, որպեսզի տրվեն համապատասխան փոխհատուցումներ»,- ասել է վարչապետը:

Գործադիր իշխանության ղեկավարին այցի ընթացքում ուղեկցում էին քաղաքաշինության և էկոնոմիկայի նախարարները:

Ապրիլի 25-ին և լույս 26-ի գիշերը հակառակորդը ՄՄ-21 (Գրադ) կայանքից արկակոծման է ենթարկել Մարտակերտ բնակավայրը (14 արկ): Հրետանային կրակ է վարվել նաև Մատաղիսի ուղղությամբ (8 արկ):

ԼՂ ՊՆ-ն լուսանկարներով ցուցադրել է Մարտակերտի և Մատաղիսի տների արկակոծման հետևանքները